Մարզային

Վայոց Ձորի մարզի տարրական դասարանների աշակերտները հունվարից կսնվեն դպրոցում

2 րոպեի ընթերցում

Վայոց Ձորի մարզի տարրական դասարանների աշակերտները հունվարից կսնվեն դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը վերականգնում է դպրոցում աշակերտներին անվտանգ ու կայուն սնունդ ապահովելու ավանդույթը: Գործարկվող ռազմավարության առաջին օղակը Վայոց ձորի մարզի դպրոցներն են, որտեղ աշակերտները հունվարից կօգտվեն դպրոցական սննդից: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակված «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են Վայոց Ձորի մարզից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, մարզում արդեն իսկ ուսումնասիրում են դպրոցների կարողություններն ու հնարավորությունները: Ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ: «2014 թվականի հունվարից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կմեկնարկի Վայոց Ձորի մարզում, ապա 2014 թվականին կշարունակվի նաեւ Սյունիքի եւ Արարատի մարզերում»,- նշեց վարչության պետը:

Ստեփանյանի խոսքով` ծրագրի շրջանակներում սնունդը դպրոցներին տրամադրվելու է պետական բյուջեի միջոցներով: «Ծրագիրն ընդգրկում է միայն տարրական դասարանների աշակերտներին: Ամեն օր տարրական դպրոցի յուրաքանչյուր սովորողի սննդի համար դպրոցներին 140 դրամ կտրամադրվի»,- ասաց նա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակված «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը շարունակելու է Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող Համաշխարհային բանկի «Դպրոցական սնունդ» ծրագրիրը, որը սկսվել էր2010 թվականի հոկտեմբերին`Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: «Այսօրվա դրությամբ, բացի Երեւանից, հանրապետության մյուս մարզերում իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագիրը, սակայն այն չի ծածկում մարզերն ամբողջությամբ: Ներկայում ծրագիրն ընդգրկում է 67 հազար աշակերտ»,- ասաց Ռոբերտ Ստեփանյանը:

Հայաստանի կառավարությունը առաջիկայում ստանձնելու է Համաշխարհային բանկի «Դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում