Մարզային

Արաբ սուլթանի հովանավորությամբ վերակառուցված Հաղարծինի վանական համալիրը նորովի կներկայանա հավատացյալներին

4 րոպեի ընթերցում

Արաբ սուլթանի հովանավորությամբ վերակառուցված Հաղարծինի վանական համալիրը նորովի կներկայանա հավատացյալներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղարծինի վանական համալիրը իր բոլոր կառույցներով ամբողջական վերանորոգման է ենթարկվել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղարծինի վանական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա էին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին մեծություն Շեյխ Դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ-Քասսիմիի պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Շարժայի ղեկավար Սուլթան Ալ- Քասսիմիին համալիրի վերակառուցման աշխատանքները հովանավորելու համար: «Աջակցելով այս համալիրի կառուցման աշխատանքներին՝ Շեյխ Ալ-Քասսիմին ցույց տվեց իր հարգանքը հայ ժողովրդի, նրա հոգևոր և մշակութային արժեքների նկատմամբ, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը: «Մենք բարձր ենք գնահատում այս նվիրատվությունը, որ Շեյխ Ալ Քասսիմին կատարել է մեր ժողովրդին: Սա հայ և արաբ ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ևս մեկ քայլ էր: Մենք ցանկանում ենք երախտագիտությունը հայտնել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին այն հարգալից վերաբերմունքի համար, որ նրանք դրսևորում են Էմիրություններում բնակվող և արարող մեր հայրենակիցների նկատմամբ»,- ասաց ԱԺ նախագահը:

Եզրափակելով խոսքը՝ ԱԺ նախագահը կարևորեց ճարտարապետների և շինարարների աշխատանքը՝ համալիրի վերակառուցումը բարձր մակարդակով կատարելու համար:

«Ցավոք, այսօր Շեյխը մեզ հետ չէ, սակայն մեզ հետ է իր բարի կամեցողությամբ ու բարեկամության ջերմ զգացումներով, որոնք մեզ փոխանցելու է եկել նրա պաշտոնական ներկայացուցիչը: Մեզ համար առանձնակի ուրախություն է նաև այն հանգամանքը, որ միջոցառմանը մասնակցում է նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այս աստվածահաճո նախաձեռնության մեջ իր ներդրումն ունի»,- ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հայ և արաբ ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու ջանքերի համար: «Ցանկանում եմ ողջունել նաև Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած մեր եղբայրներին, ովքեր եկել են մասնակցելու այս հինավուրց և նշանավոր վանքի բացմանը մասնակցելու»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և միջոցառման մյուս մասնակիցները Վեհափառ Հայրապետի ուղեկցությամբ շրջեցին համալիրի տարածքում, ծանոթացան կատարված աշխատանքների հետ: Այնուհետև նրանք Սեղանատանը դիտեցին Հաղարծինի վանքի արխիվային նկարների ցուցահանդեսը:

Հաղարծինի վանական համալիրը վերակառուցվել էԱրաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի ղեկավար Շեյխ Դոկտոր Սուլթան Ալ Քասսիմիի հովանավորությամբ, ով աշխատանքներն իրականացնելու համար 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգյսյանի հրամանով Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի ղեկավար Շեյխ Դոկտոր Սուլթան Ալ Քասսիմին պարգևատրվեց Պատվո շքանշանով, իսկ նրա պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարը՝ Անանիա Շիրակացի մեդալով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում