Իտալացի մասնագետը վերականգնում է Լմբատավանքի` անհայտ հեղինակի մեծ արժեք ներկայացնող որմնանակարը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի մասնագետները վերականգնում են Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու` անհայտ հեղինակի 7-րդ դարի՝ Եզեկիել մարգարեի «Տիրոջ գալստյան տեսիլքը» որմնանակարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լմբատավանքի վանահայր Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը, աշխատանքերն իրականացվում է փուլերով: Առաջին փուլում իտալացի մասնագետ Քրիստին Լամուղեն և ճարտարապետ Արա Զարյանն արդեն ավարտել են որմնանկարի արևելյան հատվածի վերականգնման աշխատանքները: Որմնանկարը շուրջ 70 տոկոսով արդեն մաքրված է և տեսանելի: Մասնագետներն այժմ մեկնել են Իտալիա, իսկ աշխատանքների հաջորդ փուլը կմեկնարկեն գալիք տարվա ապրիլին:

«Հետագա աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կլինի ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությունը և վերականգնման նախագիծը: Մինչ այս աշխատանքերի իրականացման ողջ ծախսերը իրականացրել է Քրիստին Լամուղեն»,- նշեց Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը:
Յուրահատուկ ճարտարապետական ոճ և լուծումներ ունեցող միախորան, միագմբեթ խաչաձև եկեղեցին 6-7-րդ դարերի կառույց է: Ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող որմնանակարը և եկեղեցու զարդաքանդակներով պատերը երկար տարիներ մոմավառությունից սեւացել են: Վանահոր փոխանցմամբ՝ որմնանակարի մի մասի մաքրման աշխատանքներից հետո իտսլացի մասնագետին զարմացրել է ոչ միայն անհայտ հեղինակի կատարողական վարպետությունը, որմնանկարի յուրահատուկ գունային առանձնահատկությունը, այլ նաև եկեղեցու ճարտարապետի և որմնանակարի հեղինակի` հավանական համակարգված աշխատանքը: Ըստ իտալացի մասնագետի` ոչ միայն որմնանակարը, այլ նաև եկեղեցին եզակի է Հայաստանում և մշակութային մեծ արժեք է ներկայացնում:

Իտալացի մասնագետները հետագայում նպատակ ունեն մաքրել ոչ միայն որմնանակարն ամբողջությամբ, այլև` եկեղեցու ողջ պատերը:
