Մարզային

Հառիճավանքը վերականգնում է կրթական ավանդույթները

5 րոպեի ընթերցում

Հառիճավանքը վերականգնում է կրթական ավանդույթները

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում գտնվող 7-րդ դարի Հառիճավանքը վերականգնում է իր կրթական ավանդույթները: Թեև դեռ երկու ուսումնական տարի է, ինչ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն իրականացնում է կրթական ծրագիր, սակայն հոգեւոր հաստատությունում սովորելու ցանկություն հայտնողների թիվը տարեցտարի ավելանում է:

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տեսուչ Տեր Նշան աբեղա Հմայակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների կազմում գտնվող կառույցը Հայաստանի Հանրապետությունում եզակի կրթական կենտրոնն է, որը հոգևոր ուղղվածությամբ իրականացնում է կրթական գործընթաց ավագ դպրոցի ծրագրով: Ի տարբերություն հանրակրթական դպրոցների` Հառիճավանքում ուսանելու համար աշակերտները պետք է հանձնեն ընդունելության քննություններ այն առարկաներից, որոնք պետք է հետագայում նաև ուսանեն. բացի Հայոց լեզվից, Հայ գրականությունից եւ պատմությունից, ստուգվում են նաև աշակերտների ձայնային տվյալները, որևէ օտար լեզվից հմտությունները:

Չնայած կրթական խիստ պահանջներին` Հառաիճավանքի ընծայարանում 2013- 2014 ուսումնական տարում 1 տեղի համար դիմել է 5-6 դիմորդ: Ընդունվել են լավագույն արդյունքները ցուցաբերած աշակերտները: Հմայակյանի խոսքով` աա, անշուշտ, հաստատության վարկանիշի արդյունքն է: 2012-2013 ուսումնական տարվա շրջանավարտների շուրջ 80 տոկոսն ընդունվել է Գևորգյան ճեմարան և Վազգենյան հոգևոր դպրանոց, ինչը բավական լավ ցուցանիշ է:

Հաստատությունում պարտադիր են ինչպես ընդունելության և ավարտական քննությունները, այնպես էլ` կիսամյակային ամփոփման քննությունները: «Ընծայարանը կրթական բոլոր ծրագրերը, ուսումնական պլանները ստանում է Կրթության եւ գիտության նախարարությունից, ավարտական քննություններն ընծայարանում ևս կազմակերպվում են ավագ դպրոցի կրթական ծրագրերին համապատասխան՝ նախարարության հետ համատեղ: Ընծայարանում իրականացվում են ուսումնական բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են հանրապետության ավագ դպրոցներում, սակայն ի հավելումն այդ առարկաններին` այստեղ լրացուցիչ անցնում են հոգևոր կրթությունը շարունակելու համար «Սոլֆեջիո», «Գրաբար», «Սուրբ գրքի ուսուցում», «Եկեղեցական երաժշտություն», առարկաները, որոնք հատուկ են միայն այս կրթական համակարգին»,- ասաց Տեր Նշան աբեղա Հմայակյանը:

Ընծայարանի ոչ միայն կրթական գործընթացն է կարգավորվում Մայր Աթոռի կողմից, այլ նաև աշակերտների բոլոր պահանջները՝ սնունդ, գրենական պիտույք և այլն: Այժմ ընթանում են ընծայարանի մի մասնաշենքի՝ ննջարանների վերանորոգման աշխատանքերը` բարելավելու աշակերտների կեցության պայմանները:

Ուսումական այս տարվանից ընծայարանի շրջանավարտները ցանկության դեպքում կարող են մասնակցել նաև միասնական ավարտական քննություններին այլ բուհեր ընդունվելու համար: Մայր Աթոռի համալսարանական կրթական կարգավիճակ ունեցող հոգևոր հաստատությունները՝ Գևորգյան ճեմարան կամ Վազգենյան հոգևոր դպրանոց կարող են ընդունվել ավագ դպրոցի կրթությունն ամբողջացրած բոլոր տղաները, և պարտադիր չէ, որ դիմորդները լինեն միայն Հառիճավանքից, պարզապես Հառիճավանքում ուսանելու առավելությունը կրթական այն ծրագիրն ու որակն է, որն անհրաժեշտ է Գևորգյան ճեմարան կամ Վազգենյան հոգևոր դպրանոց ընդունվելու համար: «Հառաճիվանքի շրջանավարտները դիմում են Գևորգյան ճեմարան եւ Վազգենյան հոգևոր դպրանոց գիտելիքների բավական պաշարով: Մեկ այլ կարևոր հանգամանք ևս. Հառիճավանքում ուսանելու տարիներին աշակերտներն առնչվում են եկեղեցական հոգևոր փորձառության հետ. նրանց օրը սկսվում և ավարտվում է աղոթքով»,- նշեց Տ. Նշան աբեղա Հմայակյանը:

Հառիճավանքը հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։ Հառիճավանքը եղել է կաթողիկոսական նստավայր և մշտապես եղել է Ամենայն Հայոց կաթողիկոսների հովանու և հոգածության ներքո: 20-րդ դարասկզբին Հառիճում կազմակերպվել է ծխական դպրոց, որտեղ ուսանել են Կոմիտաս վարդապետը, Ավետիք Իսահակյանը և հայտնի այլ հայեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում