Հայաստանի վարչապետը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության օգտին հինգ թեզեր է առաջադրել
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միության շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները ստեղծում են նոր տնտեսական միջավայր: Այս մասին Մոսկվա կատարած այցի ավարտին նշել էՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու օգտին առաջ քաշվող թեզերը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս համատեքստում Հայաստանի կառավարության ղեկավարը մասնավորապես առանձնացրել է հինգ հիմնական թեզեր:«Առաջին` մեզ ոչ ոք չի հրավիրել Մաքսային միություն, որովհետև եթե մեզ հրավիրեին, ապա դա կանեին երեք տարի առաջ, երբ այդ գործընթացն ընթանում էր: Ավելին, մենք երբեք դեմ չենք եղել Մաքսային միությանն անդամակցելուն, այլ ունեցել ենք ընդհանուր ընկալում այն մասին, որ սահմանի բացակայությունը լուրջ խոչընդոտ է Մաքսային միությանն անդամակցելու համար»,- ընդգծում է Տիգրան Սարգսյանը:
Երկրորդ թեզն, ըստ վարչապետի, այն է, որ ոչ ոք Հայաստանի վրա ճնշում չի գործադրել` Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում: «Դա մեր հավասարակշռված, հաշվարկված մոտեցումն է, որը, մեր համոզմունքով, բխում է հայ ժողովրդի շահերից, և մենք գիտակցում ենք, որ սա չափազանց կարևոր որոշում է, որը մոտակա 20 տարիների ընթացքում լրջագույն հետևանք է ունենալու»,- շեշտում է գործադիրի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի մատնանշած երրորդ թեզն էլ այն է, որ Մաքսային միությանն անդամակցելը բազմագործոն երևույթ է, և այդ գործոնների վերլուծության վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ: «Բայց մի բան ակնհայտ է, որ մենք այն պետք է դիտարկենք հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ սպեկտրով, այսինքն` քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսական հարցերի շարքերի ներքո և այդ տեսակետից այն ևս հիմնավորված է ամբողջությամբ»,- կարծում է կառավարության ղեկավարը:
Չորրորդ. ըստ Տիգրան Սարգսյանի` Մաքսային միության շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները ստեղծում են նոր տնտեսական միջավայր: Այդ ինտեգրացիոն գործընթացներից Հայաստանի զերծ մնալը կարող էր ստեղծել լուրջ խոչընդոտներ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ տնտեսական, մշակութային հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման առումով: «Ավելի նպատակահարմար էր, որ մենք նույնպես լինեինք այդ միության անդամ, ինչը հնարավորություն էր տալիս ամբողջովին իրացնել այն ներուժը, որը գոյություն ունի ռազմավարական գործընկերների միջև»,- ասում է ՀՀ վարչապետը` հավելելով, որ այդ նկատառումներից ելնելով Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանձնարարել են կառավարություններին, որպեսզի նրանք մշակեն նոր ինտոգրացիոն գործինքեր, որոնք հաշվի են առնում այն առանձնահատկությունը, որն ունի Հայաստանը, այն է` միասնական տարածքի բացակայություն:
Վարչապետի առաջ քաշած հինգերորդ թեզն էլ այն է, որ. «մենք ունենք ընդհանուր պատկերացում այն մասին, որ Մաքսային միության ինտեգրման գործընթացը և Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը իրարամերժ գործընթացներ չեն, այլ փոխլրացնող»: Տիգրան Սարգսյանի խոսքով` ռուս գործընկերներն ունեն հստակ դիրքորոշում, այն է` նրանք շահագրգռված են, որ Հայաստանը շարունակի իր հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը Եվրամիության հետ, այդ թվում նաև` Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, քանի որ դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: «Իսկ նրանք որպես մեր ռազամավարական գործընկերներ շահագրգռված են, որպեսզի Հայաստանում լինի բարենպաստ միջավայր տնտեսական, քաղաքական, սոցիալական զարգացումների համար»,- ամփոփում է Հայաստանի կառավարության ղեկավարը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հոկտեմբերի 11-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել ՌԴ փոխվարչապետներ Իգոր Շուվալովի և Արկադի Դվորկովիչի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգային հարցերը: