Մարզային

Արմեն Գևորգյանը մազպետերին հորդորել է ապառքներ չկուտակել

5 րոպեի ընթերցում

Արմեն Գևորգյանը մազպետերին հորդորել է ապառքներ չկուտակել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 7-ին Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մարզպետներին տեղեկացրել է 2014թ. ֆինանսական տարում փոփոխությունների, մասնավորապես` հուլիսի 1-ից սպասվող նվազագույն աշխատավարձի բարձրացման, 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների մասին:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է հաշվարկել նշված փոփոխություններով պայմանավորված ծախսերը, եւ հաշվարկները ներկայացնել կառավարություն: Նշվել է, որ կառավարությունը նախատեսում է նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված ծախսերի դեֆիցիտը նպատակային սուբվենցիաների միջոցով ծածկելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման կարգին, ապա տեղեկացվել է , որ 2014թ-ի համար եւս կառավարությունն առաջարկում է այն հաշվարկվել նախորդ տարվա սկզբունքով, սակայն գալիք տարիներին արդեն հաշվարկը արվելու է` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:

Այս կապակցությամբ փոխվարչապետը կարեւորել է համայնքների ղեկավարների եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը` բնակչության թվաքանակի տվյալների ճշգրտման ուղղությամբ: Նա մարզպետներին հանձնարարել է առաջիկայում հրավիրել մարզխորհրդի նիստեր` այս եւ բյուջետային խնդիրների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Տեղեկություններ են ներկայացվել մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Մարզպետները նշել են, որ նախատեսված աշխատանքները հիմնականում կատարված են, եւ մինչեւ հոկտեմբերի վերջ ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերն ավարտին կհասցվեն: Քննարկվել է հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրի ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն բաշխվել է սահմանված քանակի կեսից ավելին, հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ բաշխումն ամբողջությամբ կավարտվի:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է վերագնահատել ըստ մարզերի ներկայացված պահանջարկը, եւ հայտագրված քանակից շեղումների դեպքում` տեղեկացնել կառավարությանը` վերաբաշխում կատարելու համար:

Ներկայացվել են նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. ինն ամիսների ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 93,7 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 10,3 տոկոս է: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրել է հողի հարկի կատարողականի ցուցանիշների վրա, որը կազմել է 87,4 տոկոս: Նա ընդգծել է եկամուտների նախատեսված ծավալի ամբողջական հավաքագրման անհրաժեշտությունը` անթույլատրելի համարելով ապառքների կուտակումը:

Մարզպետներին տեղեկություններ են ներկայացվել նաեւ հանրային սպասարկման կենտրոնների ստեղծման նախաձեռնության մասին, որը ենթադրում է մի շարք ծառայությունների մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով: Առաջարկվել է ծանոթանալ հայեցակարգի նախագծին եւ առաջարկություններ ներկայացնել:

Քննարկվել են նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի կազմակերպչական հարցեր: Նկատելով, որ համաժողովը լավ հնարավորություն է Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ շփումները խորացնելու համար` փոխվարչապետը մարզպետներին նաեւ հանձնարարել է առաջարկներ ներկայացնել` կոնկրետ գործընկեր տարածաշրջանների հետ համագործակցության եւ համաժողովի օրակարգի վերաբերյալ: Քննարկվել են նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում