Ջերմուկում Գյուղական համայնքների երրորդ համաժողովի շրջանակում կլինեն նաեւ նարդու եւ շախմատի մրցաշարեր
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ջերմուկում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է Գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որն աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 5-ը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բացելով համաժողովը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառումն արդյունավետ հարթակ է` ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ու փորձի փոխանակման համար: «Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեն նաեւ ոլորտի անմիջական պատասխանատուներից տեղեկանալ իրականացվող բարեփոխումների եւ որդեգրված քաղաքականության մասին»,- նշել է նա: Տերտերյանը կարեւորել է, որ երրորդ համաժողովին, համայնքապետերից բացի, մասնակցում են նաեւ ավագանու անդամներ, քանի որ համաժողովի ընթացքում քննարկվելու են նաեւ ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Համաժողովը հյուրընկալող Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունել է եւ արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին: Նա նկատել է, որ Գյուղական համայնքների համաժողովը Ջերմուկում արդեն ավանդաբար անցկացվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի: «Մենք սիրով ենք հյուրընկալում համաժողովը, քանի որ այն հրաշալի հնարավորություն է ընձեռում քննարկելու ոչ միայն գյուղական համայնքների, այլեւ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ինստիտուցիոնալ խնդիրները»,- նշել է մարզպետը:
Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն համայնքների կայուն զարգացման խնդիրներին վերաբերող տասը թեմատիկ կլոր սեղաններ`
Տեղական ինքնակառավարման ոլորտ. Վարչատարածքային բարեփոխումներ, համայնքների խոշորացման գործընթաց, տեսլական եւ արդյունավետություն:
Ստուգումներ եւ վարչական հսկողություն. Տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողության, վերահսկողության) եւ վարչական հսկողության գործընթացի կանոնակարգում, վարչարարության հիմունքները եւ վարչական վարույթը համայնքներում:
Գնումների գործընթաց. ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացի կանոնակարգում:
Մրցակցային համայնք. Համայնքների զարգացումը, մրցակցային համայնքի տեսլականը, համայնքների 4-ամյա զարգացման պլանները եւ դրանց իրավական կարգավորումները:
Շրջակա միջավայր. Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, բարելավման ծրագրեր, խնդիրներն ու լուծման առաջարկները:
Զբոսաշրջություն, տնտեսական զարգացում. Զբոսաշրջությունը որպես գործարար միջավայրի զարգացմանը նպաստող գործոն, համայնքային բրենդի ձեւավորումը, զարգացումը եւ խթանումը, համայնքների մրցակցային առավելությունները, ներկա իրավիճակը, խնդիրները եւ լուծման առաջարկները:
Գյուղատնտեսություն. Գյուղատնտեսական քաղաքականությունը, օրենսդրական բացերը եւ անհրաժեշտ փոփոխությունները, գյուղացիական տնտեսությունների ներկա իրավիճակը, խնդիրները եւ լուծման առաջարկները:
Տեղական ինքնակառավարման ոլորտ. Համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասությունների շրջանակը, «Ավագանու ինստիտուտ»-ի ձեւավորումը, ընթացիկ խնդիրները եւ լուծման առաջարկները:
ՓՄՁ զարգացումը Հայաստանում. Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումն ու ներկա օրենսդրությունը, գործարարությունը տեղական մակարդակում, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցությունը:
Հողերի կառավարում. ՀՀ գյուղական համայնքներում հողային օրենսդրության պահանջներին համապատասխան վերահսկողության իրականացման ընթացքում առկա խնդիրների վերհանում եւ դրանց լուծման ուղիները:
Այս տարի համաժողովի շրջանակում կկազմակերպվեն նաեւ մարզական միջոցառումներ. մարզերի թիմերը կմասնակցեն շախմատի եւ նարդու մրցաշարերին, ինչպես նաեւ «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին: