Թուրքիայում հասարակական զարթոնքը կստիպի պետությանը ճանաչել հայերի դեմ գործած վայրագությունը. Բասքըն Օրան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական տեսակետին հակադրվող թուրք մտավորականները երկրում մշտապես ենթարկվում են սպառնալիքների և հալածանքների: Նման մտավորականներից է նաև հայտնի թուրք հրապարակախոս Բասքըն Օրանը, ով իր արտահայտած մտքերի պատճառով արդեն երկար ժամանակ է, ինչ հայտնվել է թուրք ազգայնականների թիրախում: «Արմենպրես»-ը թուրք մտավորականի հետ զրուցել է հայերի և իր հասցեին վիրավորանքներ հասցրած անձի դատավարության վերսկսման, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակած «Ժողովրդավարացման փաթեթ»-ի, ինչպես նաև վերափոխվող թուրքական հասարակության և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:

-Օրեր առաջ Գերագույն դատարանը բեկանել էր Անկարայի առաջին ատյանի 2-րդ դատարանի որոշումը, որով հետաձգվել էր Ձեր և հայերի հասցեին վիրավորանքներ հասցրած Բիլալ Շեքերօղլուի դատավարությունը: Այդպիսով նրա դեմ դատական գործը կրկին կարող է վերսկսվել: Որո՞նք են Ձեր սպասելիքներն այս դատավարությունից:

-Որոշումը բեկանած Առաջին ատյանի դատարանը այժմ նորից վերսկսելու է դատավարությունը, փոքր պատիժ է տալու, կասկածյալն անգամ մեկ օր բանտում չի հայտնվելու, քանի որ Գերագույն դատարանը որոշում էր կայացրել, որ դա պարզապես «սովորական սպառնալիք» է: Սակայն սա կարող ենք ազդանշան համարել, որ այս հարցում դրական փոփոխություններ են տեղի ունենում: Վիրավորանքն ու սպառնալիքն արդեն հանցագործություն են համարվում: Սա կարևոր ձեռքբերում է: Արդեն ատելություն սերմանող խոսքերը ծանրացնելու են հանցագործությունը:

-Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրապարակած «Ժողովրդավարացման փաթեթ»-ն իրականում կարո՞ղ է բարելավել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների վիճակը:

-Իհարկե կարող են լինել որոշակի դրական երևույթներ, ինչպիսին է, օրինակ, Մոր Գաբրիել վանքը ասորիներին վերադարձնելու մասին որոշումը: Սակայն եթե 1927 թվականին փոքրամասնությունները կազմում էին բնակչության 2,5 տոկոսը, ապա այժմ նրանք հազարից մեկն են: Սա չի փոխվի: Միայն Թուրքիայում մնացածներն ավելի հանգիստ կլինեն:

-Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ինչպե՞ս կարող է փոխվել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

-Ժամանակի հետ: Միայն ժամանակի հետ: Սակայն արագ է փոխվում:

-Թուրքիայում արթնացող հասարակական գիտակցությունը կարո՞ղ է մեծացնել ճնշումը պետության վրա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

-Իհարկե հասարակության զարթոնքը կստիպի ճանաչել այդ վայրագությունը:Մյուս կողմից, «ցեղասպանություն» տերմինը պնդելն ավելի է բարդացնում կոտորածը թուրքերի կողմից ընդունելն ու պետության կողմից ճանաչելը: Ստացվում է, որ թուքերին ասում ես. «Պապերդ նացիստներ էին», այդպես է ընկալվում, քանի որ Թուրքիայում ցեղասպանությունն ասոցացվում է նացիստների հետ: Եթե կոչվի կոտորած, ավելի հեշտ կընդունվի և կճանաչվի: Հայերի և հատկապես սփյուռքի կողմից այս հարցում առկա համառությունը յուրօրինակ վրեժխնդրություն է պետության կողմից անամոթ ժխտողականության դեմ և դա հասկանալը բարդ չէ:

Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ նացիսնտերի կողմից հրեաների դեմ արվածները նրանց հրեա լինելու համար էր: Հայերի դեմ հրեշային գործողություններ իրականացնելով հանդերձ` իթթիհաթականները դա չէին անում նրանց հայ լինելու համար: Դա պայմանավորված էր հետևյալ մտածողությամբ. «Արևելյան հարցը կործանում է կայսրությունը, Արևելյան հարցի հիմքն էլ Հայկական հարցն է»: Որպես օրինակ, 1913-1914 թվականներից սկսած` նման կերպ վարվել են նաև Էգեյան, Մարմարա և Սև ծովի հույների հետ:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին