Տնտեսություն

Հյուսիսային պողոտայում լավաշ էին թխում, թել մանում ու ներկայացնում այլ զբոսաշրջային առանձնահատկություններ

4 րոպեի ընթերցում

Հյուսիսային պողոտայում լավաշ էին թխում, թել մանում ու ներկայացնում այլ զբոսաշրջային առանձնահատկություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային պողոտան այսօր սովորականից ավելի մարդաշատ և ուրախ էր: Այնտեղ թևածում էր հայկական երգն ու երաժշտությունը, նաիրյան գեղեցկուհիները պարը, պատրաստվում էր աշխարհի ամենահամեղ հացը` լավաշը: Սեպտեմբերի 27-ին նշվող Զբոսաշրջության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ օրը նշվում էր զբոսաշրջային ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին հանրապետության 10 մարզերն ու Երեւան քաղաքը, ինչպես նաև ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող զբոսաշրջային կազմակերպությունները:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն է ինչպես հայերին, այնպես էլ օտարերկրացիներին Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին տեղեկատվություն փոխանցելը: «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կառույցների միջոցով որոշեցինք Զբոսաշրջության միջազգային օրն այսպես նշել: Այստեղ ներկայացված են բոլոր մարզերը` իրենց առանձնահատկություններով, և դրանց հետ միասին զբոսաշրջային կազմակերպություններն` իրենց կողմից մատուցվող ծառայություններով»,- ասաց Կարեն Ավագյանը` հավելելով, որ այս միջոցառմամբ շեշտադրվել են ներգնա տուրիզմի առանձնահատկությունները:

Տաղավարները մեկը մյուսից բազմազան էին: Արմավիրի մարզը միջոցառմանը ներկայացել էր խաչքարագործության, կավագործության, գորգագործության, խեցեգործության, փայտափորագրության գործերով, ինչպես նաև մարզում աճող բերք ու բարիքով, պահածոներով: Արմավիրի տաղավարը ներկայացնող Արտակ Առաքելյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը և հույս հայտնեց, որ այն կդառնա ամենամյա:

«Տաղավարում ներկայացված են ինչպես ավագ սերնդի` կայացած, այնպես էլ միջին սերնդիգործիչների և դպրոցներում սովորող երեխաների գործերը: Այս ամենը համեմվում է երգ-երաժշտությամբ, տեղում խաչքար է տաշվում: Սպասվածից ավելի է մեծ է անցորդների հետաքրքրվածությունը»,- ասաց Արտակ Առաքելյանը` նշելով, որ ցուցահանդեսը շատ մեծ հնարավորություն է երիտասարդների ինքնաարտահայտման համար:

Շիրակի մարզը այցելուներին էր ներկայացել ուլունքագործության, արծաթից, կերամիկայից պատրաստված իրերով. տաղավարին կից, երիտասարդ աղջիկները թել էին մանում` ներկայացնելով շիրակյան կոլորիտը:

Արարատի մարզի տաղավարի մոտ մարդկանց հերթը չէր դադարում. այստեղ լավաշ էին պատրաստում և հյուրասիրում անցորդներին: «Մեր մարզի առանձնահատկությունը Արարատ լեռն է, որը ներկայացրել ենք խաղողի տեսքով: Ներկայացված են մեր մարզի մրգերը, չրերի տեսականին, հայկական գաթաները, գինի»,- ասաց Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնից Արմենուհի Խաչատրյանը:

Միջոցառմանը մասնակից Անի Անտոնյանը, ով արդեն երկու տարի է` գիդ է աշխատում, զբոսաշրջային ցուցահանդեսը լավ առիթ է համարում` զբոսաշրջային նորություններին տեղեկանալու համար:«Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար շատ լավ միջոցառում է, բայց ցանկալի կլիներ, որ այն մեկ օրով չսահմանափակվեր»,- նշեց Անի Անտոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում