Մարզային

Բելառուսի Մինսկի մարզը մտադիր է համագործակցել ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հետ

2 րոպեի ընթերցում

Բելառուսի Մինսկի մարզը մտադիր է համագործակցել ՀՀ Սյունիքի  և Վայոց Ձորի մարզերի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստանում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզային իշխանությունների հետ, ծանոթացել գործակցության ներուժին:

ՀՀ փոխվարչապետը ողջունել է համագործակցության նախաձեռնությունը` նշելով, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը: Նա գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ ավանդական բարեկամական կապեր ունեցող Բելառուսի մարզերի հետ համագործակցության զարգացման կապակցությամբ:

Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ներուժի, տեղերում իրականացվող մեծածավալ ծրագրերի մասին` նկատելով, որ երկու մարզերը հարուստ են նաև պատմամշակութային ժառանգությամբ ու զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունեն:

Հյուրերը տեղեկացրել են, որ արդեն նախանշել են համագործակցության որոշ նախագծեր, որոնք կարող են հաջողությամբ կյանքի կոչվել: Նրանք իրենց հայ գործընկերներին նույնպես հրավիրել են Բելառուս` համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու համար: Կողմերը հեռանկարային են համարում գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում