Փաստ մեկնաբանությամբ

Վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ` հայացք Բուխարեստից` Հայաստանը դարձավ առաջին զոհը. «Ռոմանիա Լիբերան»

9 րոպեի ընթերցում

Վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ` հայացք Բուխարեստից` Հայաստանը դարձավ առաջին զոհը. «Ռոմանիա Լիբերան»

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերլուծելով Վիլնյուսյան գագաթնաժողովի հնարավոր արդյունքները` Բուխարեստում նշում են, որ այժմ, երբ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է սիրիական խնդրի վրա, պաշտոնական Մոսկվան գնում է բավական ագրեսիվ քայլերի ընդդեմ հետխորհրդային հանրապետությունների, մասնավորապես, Մոլդովայի եւ Ուկրաինայի, որոնք ցանկանում են սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ: Ռումինական Romania Libera առցանց պարբերականը, անդրադառնալով Մոսկվայի «առաջխաղացմանը», նշում է, որ Ռուսաստանն ամեն գնով փորձում է հետ պահել հետխորհրդային հանրապետություններին ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրն ստորագրելուց եւ նրանց ընդգրկել Եվրասիական մաքսային միության մեջ: Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի գլխավոր զենքերը նույնն են` հետխորհրդային հանրապետություններում առկա «սառեցված» հակամարտությունները, ինչպես նաեւ տնտեսական գործոնը:

««Սառեցված» հակամարտությունների գործոնի առաջին զոհը դարձավ Հայաստանը. Ռուսաստանի` Ադրբեջանին մեծ ծավալի զենք վաճառելը, ինչպես նաեւ Ղարաբաղյան զինված հակամարտության վերսկսման վտանգը ստիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրել Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու տարբերակը` աղբարկղը նետելով ԵՄ-ի հետ մոտ քառամյա բանակցությունները»,- գրում է թերթը եւ շարունակում. «Այս գործոնն աշխատում է նաեւ Վրաստանում, ուր ռուսամետ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկակի դիրքորոշում է որդեգրել` հույս ունենալով, որ պաշտոնական Մոսկվան կվերանայի իր դիրքորոշումը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման հարցում: Այս գործոնը Մոսկվան փորձում է օգտագործել նաեւ Մոլդովայում, ուր Մերձդնեստրյան հակամարտության մղվել է առաջին պլան»:

Անցած շաբաթ Մոլդովայում այցով գտնվող ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բավական բաց տեքստով նշեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Ռուսաստանը կճանաչի Մերձդնեստրյան Հանրապետությունը, կդադարեցնի գազամատակարարումը, ինչպես նաեւ մոլդովական գինիների ներկրումը ռուսական շուկա: Արդեն իսկ երեք օր առաջ անժամկետ դադարեցվել է մոլդովական գինիների ներկրումը Ռուսաստան, որի մասին հայտարարել է Ռուսաստանի սպառողների պաշտպանության ծառայության ղեկավար Գենադի Օնիշչենկոն: Այս կապակցությամբ Herald Tribune-ին տված հարցազրույցում մոլդովացի մի դիվանագետ նշել է, որ աներեւակայելի ճնշումներ են գործադրվել Ռոգոզինի կողմից: Անդրադառնալով պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը` պարբերականը նշում է, որ Ադրբեջանը, հանդիսանալով էներգակիրների կարեւորագույն աղբյուր, ինչպես նաեւ տարանցիկ երկիր կասպյան էներգակիրները դեպի Արեւմուտք արտահանման տեսանկյունից, երկակի խաղ է խաղում` «խաղալով» մերթ Ռուսաստանի, մերթ` Արեւմուտքի հետ: Համաձայն բրիտանացի եվրոխորհրդարանական Չարլզ Թանոքի, այժմ Ադրբեջանը խաղում է ռուսների հետ, քանի որ Ռուսաստանից ստացել է սպառազինության կարեւորագույն չափաբաժին:

Պարբերականը նշում է, որ Հայաստանը, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ Վրաստանը, ինչպես նաեւ Բելառուսը, որն ի սկզբանե որոշում էր կայացրել անդամակցելու Մաքսային Միությանը, դուրս են մնում ընդհանուր սխեմայից: Մնում են միայն երկու պետություն` Մոլդովան եւ Ուկրաինան, որոնք կարող են դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց: Այս կապակցությամբ պարբերականը զրուցել է Ռումինիայում Ռուսաստանի արտաքին քաղաքականության լավագույն մասնագետներից մեկի` Բուխարեստի համալսարանի դասախոս Արմանդ Գոշուի հետ` փորձելով պարզել Արեւելյան Գործընկերություն նախաձեռնության արդյունավետությունը: Վերջինս նշում է, որ Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթերն առաջարկում են շատ ավելի քիչ, քան այս երկրներն սպասում են եւ շատ ավելի քիչ, քան հանրային քննարկման է դրված վերջին 2-3 տարիների ընթացքում, ավելացնելով, որ համաձայնագրի նախաբանում նույնիսկ չի ակնարկվում ԵՄ-ին այս երկրների հնարավոր անդամակցության մասին: «Այս երկրներն անդամակցություն են ցանկանում, եթե այդ հնարավորությունը Բրյուսելը չի ընձեռնում, ապա նրանք կգնան դեպի Մաքսային միություն»,- նշում է մասնագետը:

Խոսելով Ուկրաինայի մասին, Գոշուն նշում է, որ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բավական իրատեսական է եւ այս դեպքում Մոսկվայի ճնշումները Կիեւի նկատմամբ օգնում են նախագահ Յանուկովիչին պաշտպանվել եվրոպական պաշտոնյաների ճնշումներից, որոնք հորդորում են նախքան Վիլնյուսյան գագաթնաժողովն ազատ արձակել Տիմոշչենկոյին: Ինչ վերաբերում է Մոլդովային, Գոշուն համաձայնում է, որ Քիշինեւը գործընկերության ամենահաջողակն է եւ ամենայն հավանականությամբ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում, սակայն միեւնույն ժամանակ նշում է, որ բարեփոխումների տեսանկյունից Մոլդովան դեռ բավական հետ է մնում, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում: Անդրաառնալով Ռոգոզինի այցին եւ նրա հայտարարություններին` Գոշուն կարծիք է հայտնում, որ փոխվարչապետի մակարդակով այցը Քիշինեւ միայն նշանակում է, որ Մոսկվան գիտակցում է, որ Մոլդովային ճանապարհից շեղելու հնարավորություն չունի:

Մեկ այլ ռումին փորձագետ, Հումանիտար գիտությունների եւ միջազգային հարաբերությունների ակադեմիայի նախագահ Դան Դունգաչիուն, խոսելով ԱԳ նախաձեռնության մասին, նույնպես մատնանշում է այդ ծրագրի թույլ կողմերը, նախեւառաջ այն հանգամանքը, որ այն մասնակից երկրներին չի ընձեռնում քաղաքական հնարավորություններ: «Բելառուսը բավական հեռու է ԵՄ-ից, Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը, Վրաստանի վարչապետը չի բացառում, որ Թբիլիսին նույնպես կարող է անդամակցել այդ կառույցին, ժողովրդավարացման մակարադակն Ադրբեջանում նույնիսկ չի քննարկվում: Մնում են Ուկրաինան եւ Մոլդովան», - նշում է Դունգաչիուն: Վերջինս հուսով է, որ այս երկու երկրները կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում: Ինչ վերաբերում է Ռոգոզինի, ինչպես նաեւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցերին Մոլդովա եւ նրանց հայտարարություններին, Դանգաչիուն նշում է, որ դրանք ուղղակի հուսահատ սպառնալիքներ են, քանի որ Մոլդովան հետ չի կանգնելու իր ուղուց:

Միաժամանակ, ի պատասխան Ռուսաստանի կոշտ դիրքի, ռումինները ձեւեր են փնտրում մեղմելու մոլդովական գինու արտահանման արգելքների բացասական հետեւանքները: Արդեն երեկ Ռումինիայի ԱԳ պետքարտուղար Բոգդան Աուրեսկուն հայտարարում էր, որ Ռումինիան ցանկանում է հստակ գործողություններով կարգավորել այս իրավիճակը եւ հնարավորինս շուտ կազմակերպել երկու երկրների գինի արտադրողների համատեղ հանդիպում, որը կփորձի ուղիներ գտնել մոլդովական գինու ներկրումը ռումինական շուկա ավելացնելու համար: Իր հերթին, Մոլդովայի ԱԳ եւ եվրոպական ինտեգրացիայի նախարարի տեղակալ Վալերիու Կիվերին բարձր է գնահատում ռումին իշխանությունների վերաբերմունքը` նշելով, որ այս ամենը զգացնել է տալիս, որ իրենք մենակ չեն:

Մյուս կարեւոր քայլը ռումինական TVR հանրային հեռուստատեսության ներկայացուցչության վերաբացումն է Քիշնեւում, որը, կողմերի կարծիքով, տունդարձի պատմական պահ է:

Գործնական քայլեր է ձեռնարկում նաեւ Ուկրաինան: Ռուսաստանի ճնշումներից ձերբազատվելու եւ եվրոպական երկրների աջակցությունն ստանալու համար սեպտեմբերի 11-13-ին սկիզբ է առել Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի այցը Սլովենիա, Ռումինիա, Չեխիա եւ Սլովակիա: Ռումինիայում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, մասնավորապես երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ համագործակցության եւ Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիայի աջակցության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում