Հասարակական

«Արտադրված է Հայաստանում» նոր խանութներ կբացվեն. տեղական արտադրանքի նկատմամբ պահանջարկը մեծ է

3 րոպեի ընթերցում

«Արտադրված է Հայաստանում» նոր խանութներ կբացվեն. տեղական արտադրանքի նկատմամբ պահանջարկը մեծ է

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մի քանի մարզերում և Երեւանի համայքներում նախատեսվում է բացել Հայաստանի թեթեւ արդյունաբերական արտադրանքի «Արտադրված է Հայաստանում» մասնագիտացված խանութներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը` նշելով, որ այս պահին աշխատանքներ են տարվում խանութների համար տարածքներ գտնելու ուղղությամբ: «Այս պահին տեղեր ենք փնտրում Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ցանկություն կա նաև Կապանում: Նախատեսում ենք խանութներ բացել Երևանի երեք վարչական շրջաններում` Շենգավիթում, Աջափնյակում և Արաբկիրում»,-ասաց նա: Հովսեփ Պողոսյանի խոսքերով` իրենց առջև նպատակ են դրել մինչ այս տարվա վերջ գոնե երկու խանութ ունենալ Երևանում, մեկն էլ մարզերի քաղաքներից մեկում: Զրուցակիցն ուրախությամբ փաստեց, որ իր գործունեության երեք ամիսների ընթացքում «Արտադրված է Հայաստանում» մասնագիտացված խանութի արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: «Մարդիկ բավականին հետաքրքրված են հայկական արտադրանքով, քանի որ այն, ի տարբերություն շուկայում առկա թուրքականի, չինականի, շատ որակով է, իսկ գինն էլ` մատչելի»,-ասաց Հովսեփ Պողոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է հոկտեմբերին ավարտին հասցնել 2013-2023 ժամանակահատվածի համար թեթև արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակումը: «Մեր խնդիրը ներքին շուկայի վերանվաճումն է և արտաքին շուկայում արտահանման ծավալների ավելացումը: Տասնամյա ռազմավարական ծրագրի միջոցով առնվազն 50 հազար նոր աշխատատեղեր կստեղծվեն»,-նշեց Հովսեփ Պողոսյանը:

Երևանում` Տիգրան Մեծի 20 հասցեում՝«Տաշիր» հանրախանութի դիմաց և «Սիլ» հյուրանոցի հարևանությամբ, 2013 թ.-ի հունիսին բացվել է Հայաստանում թեթև արդյունաբերական արտադրանքի «Արտադրված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը, որտեղ վաճառվում են միայն հանրապետությունում արտադրվող բարձրորակ հագուստ, կոշիկ, գուլպեղեն և այլն։Նորաբաց սրահում ներկայացված է հայրենական «ՏՈՍՊ». «ԼՅՈՒՔՍ», «ԼԻԴԱ», «ՄԵԼԱՆՏԵ» և «ԱՐՏՍՈՔՍ» ընկերությունների արտադրանքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում