Մարզային

Թորոսգյուղում մեկնարկեց Երիտասարդ նկարիչների միջազգային երկրորդ պլեները

4 րոպեի ընթերցում

Թորոսգյուղում մեկնարկեց  Երիտասարդ նկարիչների միջազգային երկրորդ պլեները

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստի գոտում օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Երիտասարդ նկարիչների միջազգային երկրորդ պլեների պաշտոնական մեկնարկը: Միջոցառումն անցկացվում է «Մինասի գույներով» խորագրի ներքո:

Ինչպես անցյալ տարի, այս անգամ եւս ծրագիրն իրականացնում են ՀՀ Շիրակի մարզպետարանը եւ «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի պաշտոնական հովանավորն է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Այս անգամ պլեները նվիրված է հայ ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 85-ամյակին: Ի դեպ, երիտասարդ նկարիչները Շիրակում են օգոստոսի 25-ից եւ «Երեքնուկ» գեղատեսիլ հանգստյան գոտում կմնան մինչեւ օգոստոսի 30-ը՝ ակտիվ հանգիստը համատեղելով վարպետության դասերով եւ հետաքրքիր հանդիպումներով: Ծրագրի նախաձեռնող Գոռ Մարգարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ պլեներին մասնակցում է 16-30 տարեկան երիտասարդ 55 նկարիչ՝ ՀՀ բոլոր մարզերից, քաղաքամայր Երեւանից, Արցախից, Ջավախքից, Թբիլիսիից եւ Ռուսաստանից: «Նախագծի նպատակն է Հայաստանի եւ արտասահմանցի երիտասարդ արվեստագետների միջեւ ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ` այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության եւ տարածաշրջանում կայունության եւ ապահովման երաշխիք»,- նշեց Գոռ Մարգարյանը: Ռուսաստանցի երիտասարդ նկարչուհի Օլգա Իվոնինան «Արմենպրես»-ին հիացմունքով ներկայացրեց իր տպավորությունները՝ նկատելով, որ այսպիսի պատասխանատվությամբ կազմակերպված միջոցառում չէր սպասում: «Ես հիացած եմ Հայաստանով, հայերի հյուընկալությամբ: Չէի սպասում (երկիրը, ժողովուրդը եւ, վերջապես, այս միջոցառումը): Տպավորված եմ անչափ: Մենք այստեղ, իրոք, սովորում ենք: Մեզ են մոտենում նկարիչները եւ խորհուրդներ են տալիս՝ թողնելով ստեղծագործել մեր եւրեւակայության թռիչքով»,- նշեց նկարչուհին:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Մինաս Ավետիսյանի որդին` Արմանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին` Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բոլորին ակտիվ հանգիստ եւ հարատեւ բարեկամություն եւ ստեղծագործական բուռն ժամանակաշրջան մաղթեց: «Ցանակնում եմ, որ այս օրերի ընթացքում դուք կարողանաք կտավին հանձնել Շիրակին բնորոշ բնապատկերներ, հուշարձաններ եւ այս հողի ու ջրի ամենամեծ գանձը ՝շիրակցուն: Ցանկանում եմ նաեւ փոխադարձ շփումներ, այցելություններ մշակութային օջախներ, ծանոթություն Շիրակի բնության ու նյութական արժեքների հետ»,- նշեց մարզպետը:

«Հուսանք, որ այս պլեները կշարունակվի եւ ավելի մեծ թափ կհավաքի, կշատանա ինչպես մասնակիցների թիվն, այնպես էլ հայտնի նկարիչների հոսքը: Ես կոչ եմ անում, որ նկարիչների միության ավելի շատ անդամներ գան եւ մասնակցեն այս պլեներին: Ի դեպ, ես զարմացած եմ՝ սա իրոք տոնի է վերածվել: Շատ հետաքրքիր է: Հասցրեցի ծանոթանալ երեխաների գործերին՝ շշմելու են: Հիացած եմ Գյումրիի երեխաների վրձնած գույներով՝ վառ եւ հյութեղ»,- իր կարծիքը հայտնեց Արման Ավետիսյանը:

Ավելացնենք, որ նույն օրը, բացի համերգային հետաքրքիր ելույթներից, երիտասարդ նկարչիները ցուցադրեցին նաեւ իրենց գործերը եւ խոհանոցը, իսկ վերջում բոլորը միասին նկարեցին նույն կտավի վրա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում