Իրավունք

Ամբաստանյալը շարունակում է Հայրիկյանին սպանելու նպատակ չունենալու պնդումները

4 րոպեի ընթերցում

Ամբաստանյալը շարունակում է  Հայրիկյանին սպանելու նպատակ չունենալու պնդումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կամզակերպման գործով դատական ճառերի փուլում պաշտոնական ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ամբաստանյալը վստահեցրել է, որ նա սպանության նպատակ չի ունեցել: «Ինչպես արդեն ասել ենք, նախագահի մյուս թեկնածու Վարդան Սեդրակյանը Հայրիկյանին վախեցնելու, առավել ևս` սպանելու հանձնարարություն մեզ չի տվել, դա ինձ առաջարկել է Սամվել Հարությունյանը: Նա պլանավորել էր, որ գործողությունն ավարտին հասցնի և Սեդրակյանից գումար պահանջի` սպառնալով, որ հակառակ դեպքում մեղքը նրա վրա կգցի»,- ասաց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը:

Ամբաստանյալը պնդեց, որ իր կնոջ մոր` Կարինե Էլչակյանի դատարանում Վարդան Սեդրակյանի դեմ տված ցուցմունքն իրականությանը չէր համապատասխանում: Նա նշեց, որ իրենք նախնական պայմանավորվածություն են ունեցել, և Կարինեն ասել է այն, ինչ իրենից պահանջել է Խաչատուրը: «Եթե անհրաժեշտություն կա, նրանից կրկին ցուցմունք վերցրեք: Իսկ ինչ վերաբերում է Հայրիկյանին մահացու վնաս հասցնելուն, ապա դա անհնարին է, քանի որ եթե ես ունենայի նման ցանկություն, ես այն իրագործելու հնարավորությունն ու ժամանակն ունեի: Հայրիկյանը պնդում է, որ ես սպանելու ցանկություն եմ ունեցել: Եթե մենք դեպքի վայրում մենակ ենք եղել, նա ինչպես կարողացավ այդ ծայրահեղ պահին հետախուզել իմ ուղեղն ու հասկանալ, թե ես ինչ նպատակներ ունեմ»,- նշեց նա:

Պողոսյանին վրդովմունք է պատճառում նաև այն հանգամանքը, որ նախաքննության ու դատավարության ժամանակ քննչական փորձաքննություն չի կատարվել` ցույց տալու համար, թե ինչպես է կրակել, որ դիրքից և այլն: Քննության ժամանակ չի կատարվել նաև ճանաչողական ոչ մի գործողություն, առերեսումն ընդհատվեց` նշելով, որ կշարունակվի, սակայն, նրա խոսքով, այդպես էլ անավարտ մնաց: «Ինչու է դատախազը հակված հավատալու մեր առաջին ցուցմունքներին, թե իբր Սեդրակյանն է պատվիրել: Սակայն չի հավատում, որ սպանելու նպատակ չենք ունեցել: Ինձ զարմացրեց մեղադրողի ճառն այն մասին, որ ես չեմ կարողացել իմ նպատակն ավարտին հասցնել: Ես չեմ վախեցել բնակիչների աղմուկից, դա չի համապատասխանում իրականությանը: Դատարանում հնչեց նաև, որ ես շփոթված փախել եմ և չեմ մոտեցել Սամվել Հարությունյանին, ով իմ մեքենայով ինձ էր սպասում, այլ գնացել եմ 71 դպրոցի մոտ»,- շեշտեց ամբաստանյալ Պողոսյանը` խնդրելով հանցանքը գնահատել ոչ թե դատախազի ասածների, այլ իրականության հիման վրա:

Դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Սամվել Հարությունյանի դատապաշտպան Գայանե Գալոյանը պաշտոնական ճառով հանդես չեկավ: Այսպիսով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին` ժամը 15:00-ին:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստերի ժամանակ դատարանը լսել է վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել նաև Հայրիկյանի ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները:Հունիսի 17-ի դատական հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, ով, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ վերջին դատական նիստերի ժամանակ ամբաստանյալները հայտարարել են, որ Սեդրակյանը մահափորձի գործին որեւէ առնչություն չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում