Երևանյան բեսթսելեր 32. Տասը ամենապահանջված գրքերը հիմնականում ժամանակակից գրողների ստեղծագործություններն են
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՕՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված գեղարվեստական գրականության ցանկը: Այս շաբաթվա առաջատարը ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի` «Գրաբեր» հրատարակչության «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմն է: Գիրքը Հայաստանում ունեցավ հայերեն թարգմանության երեք օրինակ, որոնցից ամենապահանջվածը հենց «Գրաբեր» հրատարակչության տարբերակն էր: «Քարե երազներ»-ը պատմում է 1989-ին Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Այն շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:
Երկրորդ հորիզոնականում ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունն է: Այն վերջին շրջանում շարունակաբար ընդգրկվում է «Երևանյան բեսթսելեր»-ի ցանկում: Գիրքը հրատարակվել է 1943 թ-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը, որը 700 օրինակի համար գրողի ժառանգներից ստացել է տպագրության հեղինակային իրավունքը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել է ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
Աքրամ Այլիսլիի` «Էդիտ պրինտ» հրատարակչության «Քարակերտ երազներ»-ն այս անգամ երրորդ հորիզոնականում է: Սրան հաջորդում է հայ ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը, որը պատմում է պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումների մասին: Դրանք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ընկած են ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են: Կրկին հայ ժամանակակից գրող Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», որը պարբերաբար ընդգրկվում է «Երևանյան բեսթսելեր»-ի վարկանիշային աղյուսակում, այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Գիրքը պատմում է երկու եղբայրների` պրագմատիկ Գոռի և զգացմունքային Գրոֆոյի կյանքի մասին: Կյանքի հետ հնարավոր եզրեր գտնելու և նաև անհաղթահարելի պայքարն ավելի սրելու համար հեղինակը եղբայրներից մեկին «օժտում է» արտաամուսնական որդու դաժան ճակատագրի բարդույթով, ինչն էլ չափազանց սրում է վեպի ներքին և խիստ հոգեբանական կառուցվածքը: Հայ ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն, որն ամփոփում է հեղինակի` վերջին մի քանի տարիների տպագիր և առցանց մամուլում հրատարակված պատմվածքները, զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Գիրքը Պաչյանի պատմվածքների առաջին ժողովածուն է, որը կազմված է 13 պատմվածքներից: Յոթերորդ հորիզոնականում ամերիկյան գրող Հենրի Միլլերի` փարիզյան կյանքի մասին պատմող և ժամանակին արգելված գրականության շարքին դասված «Խեցգետնի արևադարձը» ստեղծագործությունն է: Վեպն «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարի առաջին գիրքն է: Այն ժամանակին արգելված է եղել անպարկեշտ բառապաշարի համար:
«Երևանյան բեսթսելեր»-ի վարկանիշային աղյուսակում ութերորդ և իններորդ հորիզոնականները կիսում են թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» և իռլանդացի թատերագիր Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպերը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Գիրքը Թուրքիայում կա և վաճառվում է, սակայն մինչ վաճառքի հանվելը բազմաթիվ արգելանքների միջով է անցել: Դա է պատճառը, որ այն տեղ է գտել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում:
Գերմանացի գրողԲերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպն էլ ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:
Այս շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում է ցանկում առաջին անգամ ընդգրկված հայ վիպասան Րաֆֆու «Խենթը» և «Խաչագողի հիշատակարանը» պատմավեպերն ամփոփող հրատարակությունը:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +3 |
Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» |
Գրաբեր | 11 | |
| 2 | +1 | Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» | Անտարես | 9 | |
| 3 | * |
Աքրամ Այլիսլի «Քարակերտ երազներ» |
Էդիտ պրինտ | 8 | |
| 4 | * |
Աշոտ Աղաբաբյան «Մենակը» |
Լուսակն | 7 | |
| 5 | * |
Գուրգեն Խանջյան «Ենոքի աչքը» |
Անտարես | 6 | |
| 6 | +3 |
Արամ Պաչյան «Ռոբինզոն» |
Անտարես | 5 | |
| 7 | -1 |
Հենրի Միլլեր «Խեցգետնի արևադարձը» |
Անտարես | 4 | |
| 8 | * |
Էլիֆ Շաֆակ «Ստամբուլի բիճը» |
Անտարես | 3 | |
| 9 | * |
Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը» |
Զանգակ | 3 | |
| 10 | Նոր |
Րաֆֆի «Խենթը» և «Խաչագողի հիշատակարանը» |
Անտարես | 3 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են
«Երևանյան բեսթսելլեր»-ը պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը