ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության դինամիկ աճ է նկատում

6 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ համընկավ հացահատիկի եւ անասնակերի բերքահավաքի եռուն շրջանի հետ: Նախարարը, ում աշխատանքայի նայցի ընթացքում ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, անձամբ այցելեց հացահատիկի ցանքատարածություններ եւ լեռնային արոտավայրեր` ծանոթանալու համար բերքահավաքի եւ պետական աջակցությամբ իրականացվող անասնապահության զարգացման ծրագրերի իրականացման ընթացքին:

Սերգո Կարապետյանն առաջինը այցելեց Լճաշենի «Ռանչպար» գյուղացիական կոլեկտիվ տնտեսության ցորենի արտեր, որտեղ ՀՀ կառավարության աջակցությամբ ցանված ցորենի էլիտար եւ առաջին վերարտադրության սերմերից ակնկալվում է բարձր բերքատվություն: Ինչպես նախարարին եւ մարզպետին հավաստիացրեց «Ռանչպարի» նախագահ Օնիկ Սարգսյանը, կոլեկտիվը ցորենի 33 հեկտար հացահատիկի ցանքերի յուրաքանչյուր հեկտարից ակնկալում է 40-60 ցենտներ բերք:

Ապա նախարար Սերգո Կարապետյանը եւ նրան ուղեկցող պաշտոնական անձինք այցելեցին Չկալովկա գյուղի լեռնային արոտավայր, որը նախորդ տարի ջրարբիացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացված «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում: Միշտ ջրազուրկ արոտավայրում այս տարվա գարնանից արդեն գործում են անասունների չորս ընդարձակ խմոցներ, որտեղ ջուրը մղվում է գյուղի հարավային եզրին տեղակայված պոմպակայանի միջոցով: Չկալովկայի գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի նախագահ Ալիկ Ղուկասյանի տեղեկացմամբ` «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» իրականացման արդյունքում իրենց գյուղում արդեն դիտվում է անասնագլխաքանակի եւ անասնամթերքների արտադրության աճ, եւ գյուղացին սկսել է զգալ ծրագրի դրական ազդեցությունը. այսօրվա դրությամբ Չկալովկայի տնտեսություններում արդեն պահվում է 800 գլուխ խոշոր, 500 գլուխ մանր եղջերավոր անասուն, որոնց կաթնատվությունը եւ մսատվությունը արոտների ջրարբիացման շնորհիվ իրենց սկսել է էականորեն ավելանալ: Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված գյուղտեխնիկայի շնորհիվ անասնակերի բերքահավաքը կատարվում է որոշակիորեն նվազած գներով. եթե նախորդ տարի այստեղ խոտի մեկ հակը կապվում էր 150 դրամով, ապա այս տարի արդեն նույն աշխատանքը կատարվում է 100 դրամով:

Գանձակ գյուղում նախարարը դիտեց բերքահավաքի ընթացքը, լսեց համայնքի ղեկավարի եւ գյուղացիների առաջարկությունները: Գանձակի համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանի հավաստմամբ` այս տարի Գանձակում նախորդ տարվա համեմատ ցանվել է մոտ 160 հեկտարով ավելի հացահատիկային մշակաբույս, եւ այս տարի հացահատիկի մոտ 600 հեկտար արտերի 1 հեկտարից սպասվում է մինչեւ 40 ցենտներ բերք: Այստեղ մեկ տարում կաթնատու կովերի քանակն ավելացել է 300-ով, եւ գյուղից այժմ օրական մթերողները տանում են 3 տոննա կաթ: Գյուղապետը հույս հայտնեց, որ պետության ու գյուղապետարանի գործուն աջակցությամբ մոտակա մի քանի տարիների ընթացքում մշակովի կդառնան եւ բերքի տակ կլինեն բոլոր վարելահողերը:

Շրջայցից հետո «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրում ընդգրկված 22 համայնքերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրվեց Գեղարքունիքի մարզպետարանում, որը վարեցին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նախարարը խորհրդակցության ընթացքում կանգ առավ մի շարք կարեւոր հարցերի վրա, շեշտելով, որ Գեղարքունիքի մարզը Հայաստանի գյուղատնտեսական խոշոր մարզերից մեկն է, եւ որ այստեղ վերջին տարիներին գյուղատնտեսությունն արձանագրում է դինամիկ աճ: Արդյունքները բարձր են լինելու հատկապես այս տարի. աճի ապահավումը պայմանավորված է, մի կողմից, գյուղացիական տնտեսությունների ջանադիր աշխատանքով, մյուս կողմից` պետության իրականացրած աջակցության տարաբնույթ ծրագրերով:

Ըստ նախարարի` ՀՀ կառավարության գերակա խնդիրներից մեկն այսօր համարվում է չմշակվող վարելահողերի էական կրճատումը, եւ յուրաքանչյուր տարի նախորդ տարվա համեմատ հանրապետությունում վարելահողերի տարածքներն ավելանում են մինչեւ 15 հազար հեկտարով: Անդրադառնալով «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրին` նախարարն ընդգծեց, որ այն շուտով ունենալու է նաեւ իր երկրորդ փուլը, որի իրականացման արդյունքում անասունների կիթը կդառնա մեքենայացված, իսկ Հայաստանի յուրաքանչյուր տարածածրջանում անասնամորթի համար գործելու է ժամանակակից սպանդանոց: Կհիմնվեն վերամշակման փոքր ձեռնարկություններ: Այս ծրագիրը կներդրվի նաեւ մարզի մյուս համայնքներում, պայմանով միայն, որ մանր տնտեսությունները միավորվեն: Հակառակ դեպքում, առանց հողերի եւ մյուս արտադրամիջոցների խոշորացման, անիմաստ կլինի ծրագրի ներդրումը:

Նախարարը խոստացավ աջակցություն ցուցաբերել կարտոֆիլի սպասվելիք առատ բերքի իրացմանը, բայց միաժամանակ հորդորեց գյուղացիներին` բերքն իրացնել աշնանը, տեղում, այլ ոչ թե պահեստավորել` այն հետագայում ավելի թանկ վաճառելու ակնկալիքով, ինչի շատ դեպքերում անարդյունավետ է լինում:

Սերգո Կարապետյանի կարծիքով` ժամանակն է Գեղարքունիքի մարզում մտածել կարտոֆիլի վերամշակման գործարան հիմնելու, իսկ ողջ հանրապետությունում` գյուղատնտեսության ապահովագրությունը գոնե մեկ, ցանկացած ճյուղից սկսելու մասին:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց համագործակցության այն բարձր մակարդակը, որն առկա է Գեղարքունիքի մարզպետարանի, գյուղնախարարության եւ համայնքների միջեւ, հույս հայտնելով, որ մարզի գյուղատնտեսությունը կբարձրանա զարգացման եւ առաջընթացի նոր աստիճանի:

Հայերեն Русский