Լոկառնոյի կինոփառատոնում ֆիլմարտադրողների հետ ծրագրերի քննարկումը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի համար
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվել է օգոստոսի 7-ին: Եվրոպայի ամենահին եւ հեղինակավոր կինոփառատոներից մեկը յուրաքանչյուր տարի ավանդաբար անցկացվում է օգոստոսին շվեյցարական Լոկառնո քաղաքում: Այս տարի օգոստոսի 7-17-ն անցկացվող կինոփառատոնի շրջանակում կկայանա կովկասյան տարածաշրջանի ֆիլմարտադրողների համագործակցության ծրագրերի քննարկումը, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Փառատոնի արտամրցութային ծրագրում օգոստոսի 10-ին հանդիսատեսի դատին կներկայացվի ռեժիսորական զույգ Հովհաննես Գալստյանի եւ նրա կնոջ` Մարինե Զաքարյանի 2009 թվականին նկարահանած «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական ֆիլմը: Գալստյանի գնահատմամբ` հայերիս համար այս տարի Լոկառնոն առանձնապես հետաքրքիր է, որովհետև լայնորեն անդրադառնում է կովկասյան նոր կինոյին: «Արմենպրես»-ի թղթակիցը կայանալիք քննարկման ակնկալիքների մասինզրուցել է ռեժիսորի հետ:
- Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ ստացաք մասնակցության հրավերը:
- Լոկառնոյի կինոփառատոնը Կաննի կինոփառատոնի հասակակիցն է ու իր կարեւորությամբ զիջում է միայն Կաննի, Վենետիկի ու Բեռլինի փառատոներին: Արդեն երկար ժամանակ է, Լոկառնոն մասնագետների շրջանում ունի «ամենակինեմատոգրաֆիական» փառատոնի համբավ` բարձրակարգ կինոյին իր նվիրվածության համար: Ամբողջ աշխարհից Լոկառնո են ժամանաում կինոյի մոլի երկրպագուներ` ամենաթարմ նոր ֆիլմերը դիտելուեւ կինոյի պատմության ամենաչլուսաբանված էջերին ծանոթանալու: Անցյալ տարի փառատոնի ծրագրի ղեկավարի փոփոխություն տեղի ունեցավ, սակայն համոզված եմ, որ գեղագիտական հեղափոխություն չի լինի, և Լոկառնոն կմնա կինոգեղագետների հիմնական հավաքատեղին: Ավելորդ է ասել, թե որքան մեծ էր մեր ուրախությունը, երբ իմացանք, որ Լոկառնոն որոշել է անդրադառնալ կովկասյան կինոյին եւ, ի թիվս այլ ֆիլմերի, հրավիրել է նաեւ մեր առաջին ֆիլմը` «Խճճված զուգահեռները»: Չորս տարի առաջ Մոսկվայի կինոփառատոնում ցուցադրված լինելու պատճառով մենք զրկվեցինք Լոկառնոյում մասնակցելու հնարավորությունից: Հիմա ուրախ եմ, որ ֆիլմին ծանոթանալու է Լոկառնոյի հանդիսատեսին: Ես մասնակցելու եմ նաև կինոարտադրողների համագործակցության ծրագրին, այնպես որ սա հերթական աշխատանքային այցն է, այս տարի արդեն թվով երրորդ խոշոր կինոփառատոնին` Կաննից ու Մոսկվայից հետո:
- Մերտարածաշրջանից ո՞ր երկրներն են մասնակցելու արտամրցութային քննարկմանը:
- Այս տարի Լոկառնո են ժամանելու ֆիլմարտադրողներ աշխարհի 63 երկրներից: Կովկասը ներկայացնող երկրները նույնպես ներկա են: Լոկառնոյի ծրագրերից մեկը` Open Doors-ը ամբողջովին նվիրված է կովկասյան կինոյին: Դա ճանաչողական ծրագիր է, որն ամեն տարի անդրադառնում է որեւէ տարածաշրջանի: Այս տարի հարմար են գտել անդրադառնալ Կովկասին, հավանաբար նկատել են կինոարտադրության ծավալների ավելացումը Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած` կինոյի անկումից հետո: Նաև նկատել են նոր ռեժիսորների եւ արտադրողների: Մեր ֆիլմը հենց այդ ծրագրում է: Մենք, ինչպես ամենուր, ներկայացնելու ենք նաեւ մեր մյուս ֆիլմերը` կարճամետրաժ «Փասիանի որսորդը», հետարտադրության մեջ գտնվող լիամետրաժ «Կիսալուսնի ծովածոցը» եւ «Լուսավոր շրջանը», որի նկարահանումների շեմին ենք: Մեզ հետաքրքիր հանդիպումներ են սպասում մեր գործընկերների հետ, որոնք ներկայացնում են Իսպանիան եւ Ֆրանսիան:
- Ձեր գնահատմամբ` ի՞նչ կտա քննարկումը Ձեզ` որպես ռեժիսորի, եւ Հայաստանին առհասարակ:
- Հայաստանին կտա այն, որ իր նոր կինոն կտեսնեն: Հնարավոր է հավանեն, այդ դեպքում համագործակցության հեռանկարներ կբացվեն: Տասը տարի առաջ Շվեյցարիան Կովկասում կինեմատոգրաֆիստների աջակցության մի ծրագիր ֆինանսավորեց, որը 1,6 միլիոն դոլար արժեր: Հիմա նրանք ցուցադրել են առնվազն երեք ֆիլմ, որ նկարահանված են Հայստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում, որոնք միջազգային համատեղ արտադրություններ են եւ փառատոնային հաջողությունների են հասել: Այդ ֆիլմերը չէին լինի, եթե ժամանակին շվեյցարական կառավարության չինովնիկները չհաստատեին կովկասյան տարածաշրջանում կինոյի զարգացմանը նպաստելու ծրագիրը: Արդյունքում ի հայտ եկան նոր ռեժիսորներ, որոնք իրենց հետ բերեցին նոր կինո: Ֆիլմարտադրությունը հեռահար ծրագրերի ոլորտ է: Սխալ է հենց այս պահին, այսրոպեական օգուտներ փնտրել: Ես, որպես անկախ ֆիլմարտադրող, ցանկացած խոշոր կինոիրադարձության մասնակցում եմ նախապես պլանավորված գործողությունների ծրագրով: Որպես կանոն, ստանում ենք այն, ինչի հետեւից գնում ենք: Դա աշխատանքային պրոցես է: Համատեղ ֆիլմարտադրությունը երկար քննարկումների գործընթաց է, որը հիմնականում էլեկտրոնային նամակագրությամբ, վիրտուալ տարածքում է տեղի ունենում: Դեմ առ դեմ հանդիպում ենք, երբ արդեն ամեն ինչ պատրաստ է, եւ պետք է մի քայլ առաջ անել... Ասենք, սրանք մանրամասներ են, որ հազիվ թե հետաքրքրեն ոչ մասնագետներին:
Զրուցեց Տաթեւիկ Գրիգորյանը