Լճաշենի 185-ամյակը նշանավորվեց նորակառույց զբոսայգու եւ հիմնանորոգված մշակույթի տան բացմամբ
5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի հիմնադրման 185-ամյա հոբելյանն այսօր նշանավորվեց նորակառույց զբոսայգու, հիմնանորոգված մշակույթի տան բացմամբ եւ նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությամբ: Լճաշենի հոբելյանի տոնակատարությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Սեւանի տարածքի համայնքների ղեկավարներ, նախկին ու ներկա լճաշենցիներ, «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարլ Հոֆսթրան, պաշտոնական այլ անձինք:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը` ողջունելով լճաշենցիներին գյուղի հոբելյանի առթիվ, բարձր գնահատեցին այն նշանակալի շինարարությունն ու արարչագործությունը, որը ծավալվել է այսօրվա Լճաշենում: Նրանք վստահություն հայտնեցին, որ համայնքի եւ դրա ղեկավարության միասնական ջանքերով գյուղը կհասնի ծաղկման ու շենացման ավելի բարձր աստիճանի:
Լճաշենցիների հետ հայերեն մաքուր առոգանությամբ հաղորդակցվեց Կարլ Հոֆսթրան: «Ես աշխատում եմ Հայաստանի 4 տասնյակից ավելի համայնքերի հետ, սակայն ինձ առավել լավ եմ զգում Լճաշենում, քանի որ այստեղի կլիման ինձ հիշեցնում է իմ ծննդավայրը՝ Նիդեռլանդները: Բացի այդ, մարդիկ այստեղ շատ ավելի սրտաբաց են ու աշխատասեր: 185 -ամյա տարելիցի կապակցությամբ շնորհավորում եմ գյուղի մարդկանց` մեծից մինչեւ փոքր, եւ բոլորին կոչ անում` աչքի լույսի պես պահպանել ու զարգացնել եղածը»,- նա:
Իր խոսքում Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր լճաշենցիներին, այդ թվում` բարերարներին, պետական կառույցներին, «Քաունթերփարթ ինտերնեյշնլ»-ի ներկայացուցիչներին, ում գործուն օժանդակությամբ հնարավոր եղավ փոխել Լճաշենի տեսքն ու դեմքը, բարեկարգել ու գեղեցկացնել գյուղը, այն դարձնել ավելի հրապուրիչ ու ժամանակակից:
«Մենք այսքանով չենք բավարարվում: Առջեւում մանկապարտեզի շենքի եւ մարզադպրոցի նորոգման աշխատանքներն են, գյուղի զարգացմանը միտված նոր ծրագրերն ու մտահղացումները: Բայց այս պահին կարեւորն այն է, որ Լճաշենն արդեն իր համար հաղթահարել է այնպիսի հիմնախնդիրներ, որոնք անթիվ ու անլուծելի էին սրանից 10-15 տարի առաջ: Մենք չենք բավարարվելու ձեռք բերածով եւ համայնքի միահամուռ ջանքերով շարունակելու ենք հայրենաշինությունը»,- նշեց Կորյուն Մարգարյանը:
Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը շեշտեց, որ Լճաշենի միջնադարյան եկեղեցու վերականգնման ծրագիրը կապված էր նյութական մեծ միջոցների եւ մի շարք այլ դժվարին խնդիրների հետ, ուստի, համայնքի եւ Գեղարքունյաց թեմի փոխհամաձայնությամբ նպատակահարմար գտնվեց Լճաշենում կառուցել նոր եկեղեցի, որի հիմքերն արդեն կառուցված են: Իսկ միջնադարյան եկեղեցու ավերակներն, ըստ թեմի առաջնորդի, պետք է պահպանվեն ու պաշտպանվեն իրավասու մարմինների կողմից եւ, որպես հնագիտական ու մշակութային արժեք, փոխանցվեն գալիք սերունդներին:
Նորակառույց եկեղեցու հիմնարկեքի կարգ կատարեց Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ապա միջոցառումների շարքը եւ ելույթները շարունակվեցին նորաբաց մշակույթի տանը եւ զբոսայգում: Մի քանի ժամ շարունակ լճաշենցիները եւ նրանց հյուրերն ապրեցին տոնական բարձր տրամադրություն, մշակութային արժեքների հետ հաղորդակցմամբ, մեր երկրի շենացման ու զարգացման մեջ հետք թողած լճաշենցիների փառաբանմամբ: Բանախոսները, լրացնելով միմյանց, չէին մոռանում շեշտել, որ Լճաշենի պատմությունը սկզբնավորվում է հազարամյակների հեռվից. ավելի քան 5 հազար տարի առաջ գյուղի տեղում վեր է բարձրացել Իշտիկունի բերդաքաղաքը, գյուղի տարածքում պահպանվել է Ուրարտուի արքա Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը, հնագույն կիկլոպյան ամրոցի ավերակները եւ բազմաթիվ բրոնզեդարյան դամբարաններ:
Ըստ գյուղապետ Կորյուն Մարգարյանի` զբոսայգու կառուցման եւ մշակույթի տան հիմնանորոգման համար «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը ներդրել է 10 միլիոն դրամ, 5 միլիոն դրամ էլ կազմել է Լճաշենի գյուղապետարանի ներդրումը: