5 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկաթուղայինի օրվան եւ Հայաստանի երկաթուղու 115-ամյակի առթիվ օգոստոսի 4-ին տոնական միջոցառումների շարք տեղի ունեցավ Գյումրիում: Գյումրու Լոկոմոտիվային դեպոյում, որը վերակառուցումից հետո վերաբացվեց այս տարի մայիսի 28-ին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ նախաձեռնությամբ բացվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհված երկաթուղայիններին հիշատակը հավերժացնող հուշարձան: Այնուհետեւ, բոլոր հյուրերը տեղափոխվեցին Գյումրու կենտրոնական կայարան՝ դիմավորելու շոգեքարշը:
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն երկաթուղային օրվա կապակցությամբ նվեր էր պատրաստել քաղաքին՝ բացելով Երկաթուղային տեխնիկայի թանգարան, որն ունի ոչ միայն տեխնիկական, այլ նաեւ մշակութային նշանակություն: Սա իր ուրույն նշանակությամբ առաջին թանգարանն է Հայաստանում եւ պատահական չէ, որ այն բացվում է Գյումրիում՝ մի քաղաքում, որտեղ ստեղծվել է Հայաստանի առաջին երկաթուղին:
Երկաթուղային տեխնիկայի բացօթյա թանգարանի բացման պատիվը տրվեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Հյուրերին բոլոր ցուցանմուշների պատմությանը ծանոթացրեց ՀԿԵ տնօրենը:
Տոնական միջոցառումը շարունակվեց կայարանամերձ հրապարակում: Մինչ տոնական համերգի մեկնարկը, տոնի առթիվ երկաթուղու աշխատանքային վետերաններին, երկաթուղու ներկա եւ ապագա սերունդներին ներկայացուցիչներին ողջունեց Վիկտոր Ռեբեցը՝ նշելով, որ տոնը Գյումրիում նշելու գաղափարը պատահական չի եղել: «Սա այն քաղաքն է, որն ունի երկաթուղու պատմություն եւ որտեղ պահպանում ու շարունակվում է երկաթուղայինի բարի ավանդույթը՝ այս մասնագիտությունը փոխանցելով սերնդեսերունդ»,-նշեց Ռեբեցը:
«Այսօր առաջին անգամ եղա Գյումրու երկաթուղում եւ տպավորվեցի ոչ միայն տեխնիկական, այլ նաեւ` մասնագիտական բարձր որակով: Հենց այստեղ՝ Գյումրիում, ես տեսա, որ ներդրումները, որ ուղղվել են ՌԴ-ի կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը, ապարդյուն չէին եւ ծառայել են նպատակին: Հենց այստեղ ես համոզվեցի, որ Հայաստանի երկաթուղին այսօր զարգանում է»,- ավելացրեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Տոնի առթիվ շնորհավորանքի ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Երկաթուղային տրանսպորտը կարեւոր դեր ունի ՀՀ տրանսպորտային համակարգում եւ առանցքային նշանակություն ունի տնտեսության զարգացման մեջ: Այն հանդիսանում է կարեւոր գործոն մեր հանրապետության տնտեսության մի շարք ճյուղերի համար՝ հատկապես հանքարդյունաբերության համար: Լիահույս եմ, որ մեր գործընկեր ՀԿԵ ՓԲԸ կշարունակի իր կայուն զարգացումը, դուրս կգա ծառայությունների մատուցման նոր` ավելի բարձր մակարդակի եւ կկարողանա լուծել երկաթուղային տրանսպորտի ընդլայնման եւ ռազմավարական դերի բարձրացման հետ կապված բոլոր խնդիրները: Այդ խնդիրների լուծումն հանգեցնելու է տրանսպորտային մրցունակության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին ապահովելու է ուղեւորափոխադրումներ ծավալի աճ»,- ասված էր ուղերձում:
Տոնական միջոցառման ընաթցքում շնորհավորական ելույթներ հնչեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանի, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի, Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից:
Տոնի առթիվ երկարամյա անբասիր աշխատանքի եւ ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար, ոլորտի շատ աշխատակիցներ հուշանվերներ եւ պատվոգրեր ստացան տարբեր գերատեսչությունների կողմից, իսկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Վիկտոր Ռեբեցին հանձնեց Գյումրու քաղաքապետի հուշամեդալ:
Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առանում 1895 թվից, երբ Նիկոլայ Երկրորդ ցարը ստորագրեց հրաման՝ Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման մասին: Շինարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվեց պետական գանձարանի միջոցներով: Կայարանամերձ հրապարակում 2013 թվականի օգոստոսի 4-ին նույն ալեքպոլյան շունչն էր, երբ առաջին անգամ 1899 թվականի փետրվարին, հաղթահարելով 180 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, առաջին գնացքը Թբիլիսիից ժամանեց Ալեքսանդրապոլ: Այդ ժամանակից ի վեր Հայաստանի համար երկաթուղային տրանսպորտն ունեցավ նաեւ կարեւոր ստրատեգիական նշանակություն՝ նպաստելով հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացմանը: