Գյումրիում նշվեց «Լիսաբոնի հնգյակի» նահատակության 30-ամյակը
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հուլիս 28-ին կայացավ «Լիզբոնի իմ ընկերներ» միջոցառումը՝ նվիրված «Լիսաբոնի հնգյակի» նահատակության 30-ամյակին: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Լիզբոնի իմ ընկերները» գրքի շնորհանդեսը: «Գրքի ստեղծման գաղափարը պատանի տարիքից է իմ մեջ արթնացել, բայց պահը հասունացել էր՝ ամեն անգամ հանդես էինք գալիս մոմավառությամբ եւ երիտասարդական ակցիաներով, բայց հիմա մտածեցի ստեղծել գիրք, որ մնայուն լինի: Այս գիրքը պետք է ուղեցույց լինի գալիք սերունդներին, որ հնարավորինս վառ պահենք այս կրակը»,- նշեց գրքի հեղինակ Արա Նախշքարյանը:
Այս տարի Լիսաբոնի դեպքերի 30-ամյակն ավելի մեծ հասարակական հնչեղություն ստացավ: «Սակայն սա եւս այն չէ, ինչ պետք է: Անհրաժեշտ է պետական մոտեցում եւ գիտակցում, որ այս տղաների արաքը ինքնազոհություն է եւ ոչ այլ բան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառման ընթացքում նշեց ՀՅԴ պատանեկան միության վարիչ Սիմոն Գաֆալեանը:
«Ճիշտն ասած, նման ակտիվություն ավելի շուտ էինք սպասում: Ակտիվություն այն իմաստով, որ կա ջանացող, որ ժողովուրդը կարողանա իմանալ պատմությունը, բայց դեռ շատ ճանապարհ կա, սպասում ենք պետական մակարդակի ակտիվության: Ցավոք, այսօր շատերը կա՛մ չգիտեն զինյալ պայքարի մասին, կամ՛ գիտեն աղավաղված ձեւով՝ նրանց խառնելով ԱՍԱԼԱ-ի հետ,- իր հերթին նշեց Սիմոն Եահնիեանի եղբայր Զարեհ Եահնիեանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Հայկազունք» գուսանական համույթը, առաջին անգամ հնչեց նաեւ գուսան Հայկազունու «Լիզբոնի քաջեր» երգը: Ցուցադրվեց հնգյակի գործողություների մասին պատմող ֆիլմ:
Աշխարհի ուշադրությունը հայ դատին սեւեռելու նպատակով, 1983 թվականի հուլիս 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ Արա Քըրճըլեան, Սիմոն Եահնիեան, Սարգիս Աբրահամեան, Վաչե Տաղլեան եւ Սեդրակ Աճեմեան, մտնում են Լիսաբոնի թուքական դեսպանատուն: Դեսպանատուն մտնելու ժամանակ պահակների կրակոցից մահանում է Սիմոն Եահնիեանը, մյուսներին հաջողվում է մտնել դեսպանատուն: Լսվում են պայթյուններ, հրդեհվում է ողջ շենքը: Ավելի ուշ, առանց դիմադրության հանդիպելու, ոստիկանությանը հաջողվում է ներս մտնել ու գտնել չորս երիտասարդների այրված դիակները: «Լիսաբոնի հնգյակի» նպատակը մեկն էր՝ ինքնազոհությամբ աշխարհին պատմել հայոց ցեղասպանության մասին: «Սա անձնասպանություն չէ, ոչ էլ խելագարություն, այլ գերագույն զոհաբերում ազատության բագինին». այս կարգախոսով էին տղաները ծրագրել իրենց արարքը: Հինգ հերոսների դիակներն այժմ ամփոփված են Բեյրութի Բուրջ Համուդի պանթեոնում: