Բրազիլիայի նոր դեսպանը սիրահարվել է Հայաստանին. դիվանագետը պատմում է առաջին տպավորությունների եւ անելիքների մասին
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն արդեն հասցրել է այցելել հայկական եկեղեցիներ եւ թանգարաններ։ Նա նաեւ սովորել է հայերեն բառեր: Իր առաջին տպավորությունների, ակնկալիքների և անելիքների մասին բրազիլացի դիվանագետը զրուցեց«Արմենպրես»-ի թղթակցի հետ։
-Պարոն Մոնտեյրո, Դուք առաջին անգամ եք Հայաստանում։ Ի՞նչ եք հասցրել բացահայտել այստեղ և ի՞նչ տպավորություններ ունեք։
- Հայաստանը ինձ գրավեց առաջին իսկ հայացքից։ Չափազանց զուսպ, բայց և չափազանց շքեղ երկիր է։ Առավել հատկանշական է այն, որ Հայաստանում ամեն ինչ ազգային է, յուրօրինակ, անկրկնելի, բայց միևնույն ժամանակ հասկանալի արտերկրացուն։ Դեռ չեմ հասցրել ծանոթանալ շատ վայրերին, սակայն առաջին հայացքն էլ բավական էր Հայաստանին սիրահարվելու համար։ Շատ եմ հավանել այստեղի թանգարաններն ու եկեղեցիները, աննման են (ժպտում է)։Ես պարզապես սիրահարվել եմ ձեր երաժշտությանը, նկարչությանը, կինոյին։ Հարազատություն եմ զգում Հայաստանի և հայկականի նկատմամբ։
- Դուք խոսեցիք հարազատության մասին, ի՞նչ նմանություններ եք նկատել հայերի և բրազիլացիների միջև։
- Հետաքրքիր է, բայց տարբեր մայրցամաքներում իրարից չափազանց հեռու գտնվող երկու ազգեր ունեն շատ նմանություններ։ Հատկապես նրանք նման են բնավորությամբ։ Երկու ազգերն էլ տաքարյուն են, ունեն բաց սիրտ և հետաքրքիր աշխարհայացք։ Նման են նաև Հայաստանի և Բրազիալիայի գույները։
- Արդեն որոշ չափով ծանոթացել եք ինչպես Հայաստանին, այնպես էլ Ձեր նոր պաշտոնին։ Ի՞նչ ուղղություններով եք նախատեսում զարգացնել Հայաստանի և Բրազիլիայի կապերը։
- Հայաստանի հետ համագործակցությունը պետք է տեսականից դառնա գործնական։ Մենք պետք է հասկանանք, որ համագործակցությունը միայն բառ չէ, որ օգտագործում են տարբեր ազգեր և տարբեր դիվանագիտական կառույցներ։ Հակագործակցությունը ենթադրում է հստակ քայլեր, որ պետք է արվեն տնտեսական, սոցիալական, մշակութային, տեխնոլոգիական ու գիտական ոլորտներում։ Ես շատ ուրախ եմ, որ այժմ գտնվում եմ Հայաստանում և հնարավորություն ունեմ ստանձնել երկու ազգերի միջնորդի դեր։ Կփորձեմ շարունակել անցյալում կառուցված համագործակցությունը՝ առավել շոշափելի բնույթ հաղորդելով դրան։
- Բրազիլիայում դեռ անցած դարասկզբին ձևավորվել է հայկական համայնք։ Ի՞նչ տեղ է գրավում հայ համայնքը Բրազիլիայի կյանքում։
- Ի տարբերություն Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում ձևավորված հայ համայնքների` Բրազիլիայի հայ համայնքը առավել փոքրաթիվ է։ Այնտեղ ապրում է մոտավորապես 40 հազար հայ։ Նրանց մեծամասնությունը հաստատված է Սան Պաուլո քաղաքում։ Բրազիալիայի հայերը մեծ կարևորություն ունեն ինչպես տնտեսության, բիզնեսի և ֆինանսական համակարգերում, այնպես էլ մշակույթի ոլորտում։ Թեև չկան աշխարհին հայտնի անուններ, սակայն բոլորն էլ կարևոր անձիք են Բրազիալիայի կյանքում։
- Հայերեն ի՞նչ բառեր եք սովորել։
- Հայերեն երկու բառ գիտեմ, երկուսն էլ հրաշալի են՝ «բարև» և «խնդրեմ» (ծիծաղում է)։ Սակայն սա դեռ սկիզբն է, մեծ ցանկություն ունեմ հայերեն սովորելու։
Պատմական ակնարկ
Հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի 2-րդ կեսից։ 1920-ական թվականներին Բրազիլիա են գաղթել հայերի ավելի ստվար խմբեր՝ բնակություն հաստատելով առավելապես Սան Պաուլո քաղաքում: Ստեղծվել են հասարակական-քաղաքական և մշակութային կազմակերպություններ, եկեղեցական և կրթական հաստատություններ, հայրենակցական, երիտասարդական և տիկնանց միություններ:1928 թվականին Բրազիլիայում հիմնադրվել է առաջին հայկական դպրոցը, 1935-ին՝ առաջին եկեղեցին: Գործում են Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիներ, «Դուրյան» ազգային ամենօրյա վարժարանը, «Արարատ» հիվանդանոցը, «Վահագն Մինասյանի» անվան երգչախումբը, հայկական ծերանոց: Սան Պաուլո նահանգի պատգամավորների պալատն ավելի քան 15 տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և Ապրիլի 24-ը հռչակել որպես «Հարգանքի օր 1915-ի Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին»։ Սան Պաուլոյի քաղաքային հրապարակներից մեկը կրում է «Արմենիա» անունը: «Արմենիա» անունն է կրում նաև Սան Պաուլոյի մետրոյի կայարաններից մեկը, կա նաև նույնանուն կամուրջ, պարտեզ։
Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 17-ին:
Հարցազրույցը Գոհար Ավետիսյանի