Հասարակական

Ռուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը և Հրաչյա Հարությունյանի դստեր խնդրանքը Կարեն Անդրեասյանին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը և Հրաչյա Հարությունյանի դստեր խնդրանքը Կարեն Անդրեասյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը, չնայած այս օրերին արձակուրդում է, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ին ուղղված պաշտոնական գրության մեջ ասված է. «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջև սերտ համագործակցությունը»: Ռուսաստանի Օմբուդսմենը նաև հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի մասին» ֆեդերատիվ օրենքի համաձայն` գործին պատշաճ ընթացք տալու համար անհրաժեշտ է Հրաչյա Հարությունյանի ֆորմալ դիմումի առկայությունը: Նշված ֆորմալ դիմումի առկայության ապահովման նպատակով Հայաստանի օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանցը Հրաչյա Հարությունյանի փաստաբանին է փոխանցել այդ ֆորմալ դիմումի նախագիծը, որում հատկապես շեշտված են երկու խնդրահարույց հարցեր. այն է` ինչ պայմաններում ու ինչ հանգամանքների ուժով է Հրաչյա Հարությունյանը նման նվաստացուցիչ պայմաններում բերման ենթարկվել դատարան և արդյոք Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը թույլ էր տալիս նրան տեղափոխելու քննչական մեկուսարան:

Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է նաև Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ և քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Ի թիվս այլ խնդիրների` Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկացել է մեկնել Մոսկվա և տեսակցել հորը` համոզմունք հայտնելով, որ իր հետ հանդիպումը կօգնի Հրաչյա Հարությունյանին դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, ինչպես նաև թույլ կտա իրենց համոզվել, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում: Հաշվի առնելով, որ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն այս պահին գտնվում է ֆինանսական ծանր վիճակում՝ Հարությունյանների ճակատագրով մտահոգված մարդիկ (նրանցից շատերը այս օրերին զանգահարում և գրում էին օմբուդսմենին), կարող են Մոսկվա մեկնելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար դրամ փոխանցել Հարությունյանների օգնության համար բացված հաշվեհամարներին. 24105013280200 դրամ/AMD, 24105013280201 ԱՄՆ/USD, 24105013280202 Ռուբլի/RUR: Ցանկացողները կարող են կապվել նաև Հրաչյա Հարությունյանի դստեր հետ` +374 95 13-30-48 հեռախոսահամարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում