Հրապարակվել են Թաքսիմ հրապարակից հայտնաբերված հայկական տապանաքարերի գրություններն ու նկարները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի էլեկտրոնային տարբերակը հրապարակել է Թաքսիմի հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած հայկական գերեզմանոցի տապանաքարերի լուսանկարները և դրանցում առկա գրությունները: «Արմենպրես»-ը ներկայացնում է 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարն ընկած ժամանակահատվածին թվագրվող տապանաքարերի վրա առկա գրությունները:

Մարտիրոսի որդի Նիկողոս

Եղիազարի որդի Գրիգոր

Կարապետի որդի Դիքեշ Արություն 1775 թ.

Մարզըվանցի Ղազանչյան Հաջը Թաթեոս աղայի կինը Հաջը Աննան սուրբ Երուսաղեմից վերադառնալիս Աստծուն հասավ. 1859 թ.մայիսի 23

Անդիրեսլի որդի Միքայելօղլու Հովհաննես

Արևենի գյուղից Կայսերիից Ներսեսի որդի Մովսես. 1760թ.

Գեղի Չոմաղ գյուղից Սիմավոնի որդի Մանուկ. 1761 թ.

7211-րդ թվագրված տապանաքար. Ասլանի որդի սափրիչ Խաչատուր. 1850 թ.
Տապանաքարերը ներկայում գտնվում են Ստամբուլի հնագիտության թանգարանում, որի ղեկավարությունն ուսումնասիրում է քարերը: «Տապանաքարերից մեկի վրա առկա գրությունը մաքրված է և անընթեռնելի: Մյուս երկուսն էլ առանց գրության են: Հինգ տապանաքարերի վրա հնարավոր է միայն տարեթիվը կարդալ: Տապանաքարերից 8-ը նախշերով են, 5-ը` ոչ»,- հայտնի է դարձել թանգարանում կատարված ուսումնասիրությունից հետո: