Հայաստանի շրջանների հնագիտական նյութերը կարող են զարդարել Էրմիտաժի, Լուվրի նման թանգարանները
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՍՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հնագիտական ուսումնասիրություններով զբաղվող ու շուրջ երեք տասնամյակ գործող հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակիցների կողմից պեղվել են Հայաստանի այնպիսի հանգուցային հուշարձաններ, ինչպիսիք են Մոխրաբլուրի, Ադաբլուրի բազմաշերտ բլուր-բնակատեղիները, Ենգիջայի վաղ երկրագործական բնակատեղին, Նորաբացի վաղ բրոնզեդարյան բնակատեղին, Մայիսյանի և Շամիրամի, Թալինի դամբարանադաշտերը, Բերքաբերի դամբարանադաշտը և վաղ բրոնզեդարյան բնակատեղին: Լաբորատորիայի ընթացիկ աշխատանքների, առաջիկա ծրագրերի եւ Հայաստանում հնագիտության մասին«Արմենպրես»-ը զրուցեց Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ, գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, հմուտ հնագետ Հայկ Ավետիսյանի հետ:
-Պարոն Ավետիսյան, մի փոքր պատմեք Հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայի ներկայիս աշխատանքների մասին: Ո՞րուղղությամբ է ծավալվում գործունեությունն այսօր:
- Հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայի աշխատանքըհիմնականումմիտված է գտածոն պահպանելու, վերականգնելու եւ հասցնելու թանգարանացման մակարդակի: Ամեն մի արշավախումբ հնարավորություն ունի իր նյութը մշակելու, ապա հանձնելու Պատմության, Երկրագիտական, Երեւան քաղաքի պատմության թանգարան, որտեղ դրանց պահպանման համար կան համապատասխան պայմաններ:Այսօր լաբորատորիայի աշխատակիցները «Հայաստանի հնագիտությունը քարե դարից միջնադար» հիմնական թեմայի կատարման շրջանակներում շարունակում են հետազոտությունները մի շարք ուղղություններով` մասնավորապես պալեոլանդշաֆտի ուսումնասիրությունը, հնագիտական քարտեզների և կատալոգների կազմումը և հրապարակումը, խեցեղենի տեխնիկատեխնոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը և տիպաբանությունը:
-Գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակիցների պեղումների շնորհիվ մինչ հիմա ի՞նչ արժեքավոր փաստեր են ի հայտ եկել:
-Մեր նպատակն է ուսումնասիրել Հայաստանի հնագիտական խնդիրները քարե դարից մինչ միջնադար ընկած ժամանակահատվածում: Այդ ամենը հասկանալու համար մեր մասնագետները կարողանում են մեջտեղ բերել նորանոր հուշարձաններ, հանրահռչակել դրանք, ցույց տալ աշխարհին: Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայի այն կարեւորագույն տարածաշրջաններից է, որտեղ ի սկզբանե մարդու գործունեություն է նկատվել: Լաբորատորիայի խնդիրն է այսօր հանրահռչակել երկրագիտական թանգարաններում պահվող այն նյութերը, որոնք ժամանակին չեն մշակվել: Մենք շրջաններում ունենք հսկայական նյութեր, որոնք կզարդարեն Էրմիտաժի, Լուվրի նման թանգարանները:
-Հայաստանի տարբեր վայրերից պեղված գտածոները որքանո՞վ են ընդունելի եւ հայ հասարակության, եւ միջազգային հանրության համար:
-Հայաստանում խնդիրն այլ է՝ պեղեցիր, կոնսերվացրեցիր, բերեցիր թանգարանային մակարդակի, ճանաչելի դարձավ որքան հնարավոր է: Այլ խնդիր է, թե որքան է այդ գտածոն պիտանելի համաշխարհային հանրության համար: Այդ առումով մենք օգտագործում ենք կորպորատիվ համագործակցությունը: Շատ ուրախալի փաստ էր մեկը հենց այն, որ մեր Արենիիում գտած մաշիկը հանրահռչակեցին մեր օտարերկյա գործընկերները: Այս դեպքում մեր հարեւաններն արդեն չեն ասում, որմիֆ ենք պատմում մեր մշակույթի վերաբերյալ: Այսօր մեծ խնդիր ունենքգիտականորեն այս ամենն ուսումնասիրելու, հանրահռչակելու եւ մեր ինքնության խնդիրները մեջտեղ բերելու:
-Հայաստանում ունե՞նք արդյոք բավարար հնագիտական ուսումնասիրությունների ռեսուրս, եւ այսօրվա հնագետին ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ լիարժեք գործունեություն ծավալալու համար:
-Մենք ունենքշատ լավ հնագետներ, բայց բավարար երիտասարդ սերունդ չունենք: Այսօրվա հնագետների սերունդը տարիքով է: Երիտասարդ սերունդը նրանց հետեւից պիտի հասնի, հակառակ դեպքում Հայաստանում հնագիտությունը կփոշիանա: Այսօր Հայաստանում չկան նաեւ գտածոն ուսումնասիրելու համար բավարար լաբորատոր պայմաններ եւ մենք ստիպված այդ աշխատանքները եւս կատարում ենք կորպորատիվ համագործակցության միջոցով՝ գտածոների առանձին պատառիկներ ուղարկելով արտասահման:Եթե հետագայում մեզ մոտ լինեն լաբորատոր պայմաններ, Հայաստանը միանշանակ կդառնա տարածաշրջանի խոշոր կենտրոններից մեկը ոչ միայն հուշարձաններով, այլեւ նյութաբանական ուսումնասիրությունների կատարման կտրվածքով, որն իր հերթին մեծ եկամուտ կբերի երկրին եւ կնպաստի հնագիտության զարգացմանը: Հնագետին այսօր անհրաժեշտ է բավարարաշխատավարձ եւ լաբորատոր միջավայր՝ ստեղծագործելու համար:
-Պարոն Ավետիսյան, դուքգործուն մասնակցություն եք ունեցել Թալինի, Օշականի, Արենիի պեղումներին, ղեկավարել եք Արագածի, Արամուսի, Այգեշատի հնագիտական արշավախմբերը: Ո՞րն է ձեր ամենասիրելի հուշարձանը, գտածոն:
-Հնագետի համար ամենասիրելի գտածոն պարտադիր չէ, որ լինի թանկարժեք մետաղից: Հնագետը, երբ դաշտ է գնում, ունի իր երազանքը, որը շատ հաճախ չի իրականանում: Ցանկացած իր հնագետի համար հետաքրքիր է: Չկա լավ կամ վատ գտածո: Իմ ամենաառաջին գտածոն ես պեղել եմ Դիլիջանի Կաղնիխաչ թաղամասից: Երբ ասպիրանտ էի, հնագիտության ինստիտուտի այն ժամանակվա տնօրեն Բաբկեն Առաքելյանն ինձ ուղարկեց Դիլիջանի Կաղնիխաչ թաղամաս, որտեղ շինարարություն էր ընթանում՝ պեղումներ իրականացնելու:Ինձ համար շատ վախենալու ու միաժամանակ պատասխանատու էր: Իմ առաջին պեղումների արդյունքում ես պեղեցի ինը դամբարան, որոնցում գտնված հնագիտական նյութը հայտնվեց Դիլիջանի երկրագիտական թանգարանում:
Հարցազրույցը՝ Անի Դալլաքյանի
Լուսանկարները՝ Սամվել Բերքիբեկյանի