Մշակույթ

Շառլ Ազնավուրը ժամանել է Երեւան

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը ժամանել է Երեւան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար հայազգի երգահան- շանսոնյե Շառլ Ազնավուրը Երեւանում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնից, Ազնավուրը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ժամը 20:30-ին` հուլիսի 7-ից 14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային երեւանյան կինոփառատոնի բացմանը մասնակցելու նպատակով:

Փառատոնի բացմանը արարողությանը հուլիսի 7-ին կնախորդի նաեւ Ազնավուրի անվան աստղի բացումը իր անունը կրող հրապարակում:

Փառատոնի ընթացքում կկայանան Շառլ Ազնավուրի դերակատարմամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, իսկ բացումը կազդարարվի հայտնի երգչի մասնակցությամբ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությամբ:

Փառատոնն այս տարի սկսվելու եւ ավարտվելու է ֆրանսիական ֆիլմերով: Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր դարձել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների,մասնավորապես` հայազգի կինոգործիչ Սերժ Ավետիքյանի, կինոքննադատ Ժան Ռադվանի եւ պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտի մասնակցությունը:

ՀՀ-ում Գերմանիայի և Լեհաստանի դեսպանությունների հետ համագործակցությունը «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կնշանավորվի այդ երկրների կինոների օրերի կազմակերպմամբ և մի շարք ֆիմերի ցուցադրությամբ: Բացի դրանից, փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն գերմանացի հանրահայտ դերասանուհի, սցենարիստ Մարգարետ ֆոն Տրոտտան, ում կշնորհվի «Փարաջանովյան թալեր» մրցանակը, եւ հռչակավոր լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:

Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում