Հայաստանի ռազմաօդային ուժերը մասնագիտական տոնը նշեցին բարձրագույն պիլոտաժի ցուցադրությամբ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ուղղաթիռներն ու ինքնաթիռները հունիսի 28-ին հաղթական թռիչքներ կատարեցին՝ երկնակամարում ցուցադրելով բարձրագույն պիլոտաժի տարրեր ու այլ հմտություններ: ՀՀ Զինված ուժերի ավիացիայի, ՀՕՊ զորքերի ու ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կազմավորման 21-ամյակի առթիվ Երեւանի «էրեբունի» օդանավակայանումօդաչուներն ու պարաշյուտիստները երկնքում պատկերեցին Հայոց եռագույնը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ջերմորեն շնորհավորելով նշված ուժերի տոնը, նշեց, որ տարբեր ամիսներին կազմավորված ռազմաօդային զորատեսակների օրը միասնականորեն տոնելը խորհրդանշական է` Բանակի տարբեր ստորաբաժանումների համագործակցության ու մեկը-մյուսի թիկունքին կանգնելու առումով: «Այսպիսի տոները նշելու հետ մեկտեղ մեզանից յուրաքանչյուրը մեկ խնդիր է դնում՝ պահպանել այն բոլոր ավանդույթները, որոնք հզորացրել եւ այժմ էլ հզորացնում են մեր Զինված ուժերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հետպատերազմյան տարիներին հաջողվեց ստեղծել համապատասխան պաշարներ ու կարողություններ՝ ցանկացած ագրեսիայի դիմագրավելու համար:
Օհանյանը խոսեց ՀՀ ԶՈւ միջազգային համագործակցության մասին: «Այսօր մենք օրըստօրե կատարելագործում ենք մեր համատեղ ունակությունները: Անցկացված միջազգային զորավարժություններն այդ փաստը եւս մեկ անգամ ապացուցում են»,- ասաց նախարարը: ՀՀ պաշտպանության նախարարը հիշեցրեց, որ ռազմաօդային ուժերի տոնը համընկնում է Մարտակերտի ազատագրման օրվան: Օհանյանը խոսեց ռազմաօդային, ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի միասնական գործողությունների շնորհիվ Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանում ապահովված անդորրի ու խաղաղ երկնքի մասին: Օհանյանը հիշեց պետականաշինության ու ժողովրդի ապագայի կերտման գործում ռազմաօդային ուժերի նվիրյալների ու հերոսների մեծ ներդրման մասին: Նախարարն ասաց, որ շատ հերոս-նահատակների սխրանքների շնորհիվ է այսօր խաղաղ ապրելու հնարավորություն ստեղծվել: Ռազմաօդային ուժերի օրվան նվիրված տոնակատարությանը ներկա էին ՀՀ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, մեծաթիվ ժողովուրդ:
ՀՀ Զինված ուժերի կարեւորագույն զորատեսակներից են ավիացիոն, ՀՕՊ եւ Ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը: 1992-ի տարբեր ամիսներին ստեղծված ուժերի տոնը նշվում է հունիսի 28-ին:











