«Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման բեմն արդեն պատրաստ է
2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սկսվել են հունիսի 30-ին նախատեսված «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման համար անհրաժեշտ բեմի մոնտաժային աշխատանքները: Բեմն այդ օրվա համար անվճար տրամադրել է «Հայռուսգազարդ» ընկերությունը:
Քաղաքապետարանը վճարելու է միայն բեմի տեղափոխման եւ տեղադրման համար անհրաժեշտ 1 մլն 600 հազար դրամ գումարը: «Բեմի 1 օրվա վարձակալումն արժե 5 մլն դրամ, ինչը բավական մեծ գումար է, եւ, անշուշտ, դա այդ օրվա համար «Հայռուսգազարդ»-ի կողմից նվեր է քաղաքին»,-«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:Քաղաքապետարանը հրավիրված հյուրերի համար պատվիրել է նաեւ ավելի քան 1000 նստարան: Նստարանները միջոցառումից հետո կմնան քաղաքին: Ի դեպ, հաշվի առնելով այն փաստը, որ հունիսի 30-ին միջոցառումը կմեկնարկի ուշ երեկոյան՝ 20:30-ին, հասարակական տրանսպորտը կաշխատի հերթապահությամբ: Գյումրու փոխքաղաքապետն այդ օրվա համար լուսային եւ ձայնային աննախադեպ անակնկալներ է ակնկալում այդ աշխատանքները ստանձնած բոլոր ընկերություններից: «Այդ օրը զարմացնելու բան կունենանք: Հուսով եմ` եթե այդ օրվա միջոցառումը մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումներից ավելի լավի չլինի, գոնե չի զիջի»,-ավելացրեց փոխքաղաքապետը: