Հայաստանում կանցկացվի թավջութակահարների ու ջութակահարների հանրապետական 9-րդ մրցույթը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան պետական լարային քառյակը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը հունիսի 29-ից հուլիսի 8-ը կազմակերպում են Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական 9-րդ մրցույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթն անցկացվում է 1987 թվականից՝ երեք տարին մեկ: Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի պատանի ջութակահարների և թավջութակահարների, նպաստել նրանց ուսմանն ու ստեղծագործական գործունեությանը, աջակցել միջազգային մրցույթներին մասնակցելու հարցում, ինչպես նաև հանրահռչակել հայ կոմպոզիտորների լարային ստեղծագործությունները:
Ա. Գաբրիելյանի և Ս. Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների ու թավջութակահարների հանրապետական 9-րդ մրցույթին ՀՀ մարզերից ու մայրաքաղաքից կմասնակցեն ավելի քան 30 պատանիներ հետևյալ տարիքային խմբերում` ջութակահարների կրտսեր խումբ (մինչև 12 տարեկան) և ավագ խումբ (13-15 տարեկան), թավջութակահարների կրտսեր խումբ (մինչև 13 տարեկան) և ավագ խումբ (14-16 տարեկան):