Քաղաքականություն

Թալեա՞թն է սպանել օսմանյան թագաժառանգին՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմանալու համար. Հարութ Սասունյանի հոդվածը

6 րոպեի ընթերցում

Թալեա՞թն է սպանել օսմանյան թագաժառանգին՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմանալու համար. Հարութ Սասունյանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձել է 1916 թվականին օսմանյան թագաժառանգ արքայազնի մահվան արտասովոր հանգամանքներին և դրա հնարավոր կապին Թալեաթի ու Հայոց ցեղասպանության հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ: «Գաղտնիքը բացելու առաջին բանալին, որ ձեռքս ընկավ, 1921 թ. ապրիլի 3-ին «Պիտսբուրգ պրես» թերթում հրապարակված մի հոդված էր հետևյալ վերնագրով. «Համբերատար հետևել է նրան թաքստոցում և սպանել. ինչպե՞ս թուրք արյունարբու Մեծ վեզիր Թալեաթ փաշան, ով ծրագրել էր միլիոնավոր հայերի ջարդը, հանդիպեց իր ճակատագրին»: Այս լուրը հրապարակվել էր 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության առիթով:

Լայնածավալ հոդվածի մի պարբերություն hատուկ ցնցող բացահայտում էր պարունակում. «Թալեաթի առաջխաղացման հետ կապված, թերևս ամենատարօրինակ իրողությունն այն է, որ նա այդ բարձրագույն պաշտոնին հասնելու համար իր ճանապարհը հարթել է սպանելով թագաժառանգ արքայազն Յուսուֆ Էդինին՝ իշխող սուլթանի զարմիկին: Երիտասարդ արքան կտրականապես դեմ էր Թալեաթի՝ հայերի ոչնչացմանն ուղղված քաղաքականությանը: Թալեաթը, լուրջ դիմադրության հեռանկար տեսնելով, կրակել էր արքայազնի վրա, նրան շան նման սպանելով»:

Այս զարմանալի լուրի հավաստիությունը ճշտելու համար ես համացանցում երկարատև որոնումներ կատարեցի՝ պրպտելով հրապարակումներ անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, իսպաներեն և հայերեն լեզուներով, նկատի ունենալով արքայազնի անվան տարբեր ուղղագրությունները՝ Յուսուֆ Էդին, Յասուֆ Իզեդին, Յուսուֆ Իզեթին և այլն:

Աղբյուրների մեծ մասը հաստատում է, որ թագաժառանգ արքայազնը մահացել է կասկածելի հանգամանքներում, սակայն նրանք ներկայացնում են երեք տարբեր դրվագներ, թե ինչպես է նա կնքել իր անժամանակ մահկանացուն: Այս առեղծվածի մասին նույնիսկ թուրքերեն մի ամբողջ գիրք գոյություն ունի. «Shehzade Yusuf Izzedin olduruldu mu, intihar mi etti?» (Թագաժառանգ արքայազն Յուսուֆ Իզեդինին սպանե՞լ են, թե՞ ինքնասպան է եղել):Առաջին դրվագը «Պիտսբուրգ պրես» թերթում նշվածն է, որը հաստատում է՝ թագաժառանգ արքայազնը սպանվել է Թալեաթի կողմից՝ հայ ժողովրդի բնաջնջմանը ընդդիմանալու համար:

Թագաժառանգ արքայազնի վաղաժամ մահվան երկրորդ բացատրությունն այն է, որ նա ինքնասպանություն է գործել՝ կտրելով իր դաստակը: Երիտթուրքերի կառավարությունը 1916 թ. փետրվարի 3-ին հանդես է եկել հետևյալ պաշտոնական հայտարարությամբ. «Նորին գերազանցություն գահաժառանգը, երկարատև հիվանդությամբ տառապելու պատճառով, այսօր առավոտյան ժամը յոթն անց կեսին ինքնասպան է եղել Զինդջիրլիի ամառանոցի հարեմի հարկաբաժնի ննջարանում՝ կտրելով իր ձախ ձեռքի երակները»:

Այս պաշտոնական հայտարարությունը համատարած թերահավատությամբ ընդունվեց՝ տեղիք տալով թագաժառանգ արքայազնի մահվան երրորդ բացատրությանը: Ֆրանսիայի պետնախարար Իվ Գայոն 1916 թվականին հրատարակված իր «Պատերազմի պատճառներն ու հետևանքները» գրքի անգլերեն խմբագրության նախաբանում գրել է՝ ովքեր կարդացել էին պաշտոնական հաղորդագրությունը, համոզված էին, որ երիտթուրքերը «ստիպել էին թագաժառանգին «ինքնասպան լինել»: Տարբեր աղբյուրների տեղեկատվությունը հաստատում է այդ կասկածը»:

Գայոն և այլ պատմիչներ պնդում են, որ ռազմական նախարար Էնվեր փաշան է սպանել Իզեդինին, քանի որ նա ընդդիմանում էր Գերմանիայի հետ Օսմանյան կայսրության դաշինք կապելուն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: «Թուրքական նավատորմի կողմից Օդեսան ռմբակոծելուց հետո նա [Իզեդինը] իր անհավանությունը հայտնեց բացահայտ ձևով: Այդ պահից սկսած նրա ճակատագիրը որոշված էր», գրել է ֆրանսիացի նախարարը:

Գայոն նաև մանրամասն նկարագրել է Թալեաթի, Էնվերի և երիտթուրքական այլ պարագլուխների մասնակցությամբ 1915 թվականին կայացած գաղտնի հանդիպումը, որի ընթացքում Էնվերը հորդորել է ոչնչացնել թագաժառանգին, որն, ըստ Գայոյի՝ «սպանվել է Եվրոպա մեկնելուց մեկ օր առաջ»:

Հայոց ցեղասպանության ականավոր վերապրող եպիսկոպոս Գրիգորիս Բալաքյանն իր «Հայոց Գողգոթա» հուշագրության մեջ պնդում է, որ թագաժառանգը «սպանվել է Էնվերի և Թալեաթի քրեական հանցախմբի կողմից.... Էնվերն անձամբ է սպանել Յուսուֆ Իզիդինին Բալմոմջիի կայսերական ագարակում»: Դարդանելի ճակատամարտում ականատես լինելով հազարավոր թուրք զինվորների դիակներին, թագաժառանգը բողոքել է Էնվերին, որ «Դարդանելը դարձել է թուրքական բանակի գերեզմանը»: Նա սպանվել է Էնվերին ատրճանակով սպառնալուց հետո:

Նրանք, ովքեր կարծում են, որ թագաժառանգի սպանությունը անհավատալի մի պատմություն է, պետք է գիտակցեն, որ նման պալատային սադրանքները սովորական երևույթ էին Օսմանյան կայսրության երկարատև պատմության ընթացքում: Շատ հաճախ սուլթանները ոչնչացնում էին դավադիր ժառանգորդներին, իսկ մրցակից արքայազներն սպանում էին միմյանց՝ գահին տիրանալու ճանապարհը հարթելու համար: Իրականում, 36 սուլթաններից 15-ը վերացվել են տարբեր միջոցներով՝ երեքը հրաժարվել են գահից, յոթը՝ գահընկեց արվել, իսկ հինգը՝ սպանվել»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում