Հրշեջ-Փրկարարները շարունակում են Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցու գմբեթի հրդեհաշիջման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ-փրկարարները շարունակում են Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցու գմբեթի հրդեհաշիջման աշխատանքները: Հրշեջներին 19:30-ին հաջողվել է մեկուսացնել հրդեհը, բայց դեռ ոչ հանգցնել:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունից, հունիսի 24-ին` ժամը 18:41-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ՝ 2-ը` Գյումրու հրշեջ-փրկարարական եւ 1-ը` Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատից: Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել եկեղեցու գմբեթում, որտեղ տարվում էին վերանորոգման աշխատանքներ: Այրվել են գմբեթի վերանորոգման համար կառուցված փայտե կոնստրուկցաները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փոխգնդապետ Մարտին Մկոյանը նշեց, որ աշխատանքների հիմնական բարդությունը կապված է գմբեթի բարձրության հետ, ինչն էլ իր հերթին առաջ է բերում ջուրն այդ բարձրության վրա մղելու դժվարությունը: Աշխատանքները շարունակվում են:

Հրդեհի պատճառները կպարզվեն ավելի ուշ՝ Հակահրդեհային տեսչության ուսումնասիրությունից հետո:

Հայերեն Русский