1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Մոսկվայից կմեկնի Լոնդոն, իսկ այնտեղից` Լիվերպուլ, որտեղ բուժզննում կանցնի համանուն ակումբում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին «Իտառ-Տասս»-ին հայտնի է դարձել «Շախտյոր»-ում և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ունեցած իր աղբյուրներից:
Ըստ ռուսական լրատվամիջոցի` այսօրվա Երևան-Մոսկվա չվերթը, որով մեկնել է նաև Հենրիխ Մխիթարյանը, որոշ ուշացումներով կայացել է առավոտյան 8:27-ին, ինքնաթիռը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 11-ին:
Նշվում է, որ մերսիսայդյան ակումբը հայ կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա 2-3 օրերի ընթացքում: Գործարքը կարժենա 22 մլն ֆունտ ստերլինգ:
Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը «շախտյոր»-ի կազմում դարձել է Ուկրաինայի չեմպիոն, գավաթակիր, լավագույն ռմբարկու` սահմանելով ռմբարկուական նոր ռեկորդ: Ընդհանուր առմամբ` 29 խաղում հայազգի ֆուտբոլիստը դարձել է 25 գոլի հեղինակ: