Մարզային

Գյումրիում հուլիսին կանցկացվի «Դուետ» միջազգային թատերական փառատոնը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում հուլիսին կանցկացվի «Դուետ» միջազգային թատերական փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Գյումրու` Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն առաջին անգամ հուլիսի 1-8 կանցկացնի «Դուետ» միջազգային թատերական փառատոնը: Փառատոնին աջակցում է նաեւ «ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ»-ը: Այն կանցկացվի «Գյումրին՝ 2013թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Փառատոնի նախագահն է ՀՀ Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն, առանձնացնելով այս փառատոնը մյուսներից, նշեց, որ դրանում ընդգրկված են միայն այն թատրոնները եւ թատերախմբերը, որոնք ներկայացնում են երկու գործող անձանց թատերախաղ: Փառատոնին կմասնակցի 18 թատրոն՝ 12-ը Հայաստանից, մյուսները կներկայացնեն Ռուսաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան եւ Վրաստանը: «Ի սկզբանե հայտերի թիվն ու փառատոնին մասնակցելու ցանկություն հայտնած թատերախմբերի թիվը շատ ավելի մեծ էր, սակայն հաշվի առնելով փառատոնի ձեւաչափն ու հնարավորությունները` ստիպված ընտրեցինք 18-ը: Ի դեպ, կան օրեր, երբ նախատեսված է անգամ 4 ներկայացում: Ներկայացումներ կլինեն Գյումրու դրամատիկական թատրոնում եւ Արվեստների ակադեմիայում, այդ իսկ պատճառով մասնագիտական հանձնաժողովը բաժանվել է երկու խմբի»,-նշեց Տիգրան Վիրաբյանը:

Ութ օր շարունակ Գյումրին կդառնա տարածաշրջանային թատերարվեստի մայրաքաղաք: Փառատոնին կմասնակցեն այնպիսի նշանավոր թատերախմբեր եւ արվեստագետներ, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած` Մոսկվայի դրամատիկական թատրոնի հանրահայտ դերասաններ Անատոլի Կոտին եւ Ստանիսլավ Էվենտովը, Ֆրանսիայից՝ Լալի Մեիգնանը եւ Թիերի Շարպիոն, Ուկրաինայից՝ Ալեքսեյ Վերտինսկին եւ Սերգեյ Օստապչուկը, Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային եւ այլ թատրոններ եւ թատերախմբեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում