ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելող զբոսաշրջիկները պատմամշակութային կառույցներին կից գործող վաճառակետերից որոշակի գնումներ կատարելիս մեծ ուշադրություն են դարձնում հատկապես մուրաբաներին: Հայ-ռուսական գիտատուրիստական արշավի շրջանակում այցելելով մեր երկրի տարբեր կոթողներ`«Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց պարզել, թե տուրիստները հիմնականում ինչ են գնում՝ ճշտելով նրանց մի քանի նախասիրությունները:
Օհանավանքի վաճառողուհին սիրում է առատաձեռն տուրիստներին...
Վեհաշուք Օհանավանքից ոչ հեռու բարիքների վաճառքի երկու սեղանիկ կար: Միջին տարիքի վաճառողուհուն մոտենալով՝ հետաքրքրվեցի, թե ինչ են գնում վանք այցելող զբոսաշրջիկները: Երբ տիկին Զոյանիմացավ, որ լրագրող եմ, անմիջապես ոգեւորված թվարկեց, թե որ ազգի ներկայացուցիչն ինչ է գնում: «Գերմանացին շատ պոպոքի մուրաբա է առնում, իտալացիները միայն վարդի մուրաբա, մեկ-մեկ էլ` սուջուխ»,- ասաց վաճառողուհին: Նա կատակեց, որ իտալացիները շատ առեւտուր չեն անում՝ պատճառաբանելով հայերի պես աղքատ լինելը: Վաճառողուհին նշեց, որ բելգիացիները քիչ առեւտուր են անում, իսկ ֆրանսահայերն ու Կանադայի ներկայացուցիչները` համեմատաբար շատ: «Սեւամորթեր էլ են գալիս, կարող է պատահական մի օր ինչ-որ բան առնեն»,- ասաց վաճառողուհին:
Հարցին, թե 250 միլիլիտրանոց տարաներով մուրաբաներն ու պահածոներն ինչ գնով է վաճառում, նա պատասխանեց. «Վարդի մուրաբան շատ թանկ է, հազար դրամով ենք ծախում, պոպոքի մուրաբան ու սուջուխները՝ 500»: Ի դեպ, բոլոր վաճառվող ապրանքներն իր ձեռքով է պատրաստում:
Վաճառողուհուն հետաքրքրում էր Երեւանում վաճառվող բալի գինը: Մոտավորապես հիշեցի, որ այժմ 700-800 դրամ է: «Ես 400-500-ով եմ տալիս: Հենց հիմա, որ դու առնես, 3 կիլոն հազարով կտամ»,- ասաց վաճառողուհին՝ պարզաբանելով, որ իր այգու բալը ցանկացած գնով էլ կարող է վաճառել:
Հարկային մարմինների հետ նա խնդիրներ չի ունենում: Տիկին Զոյայի կողքի սեղանիկի վաճառողուհին հիշեց հարկային մարմինների ներկայացուցիչների մեկ այց: «Դեղձի սեզոնն էր, եկան ասեցին, թե իմացել ենք առնում- ծախում եք: Այգին ցույց տվեցի, տեսան, որ տնական է, առ ու ծախ չի կատարվում, թողեցին հեռացան»,- ընկերուհու հուշումից հետո պատմեց տիկին Զոյան: Վաճառողուհին տուրիստների առանձնահատուկ աշխուժություն է նկատում կիրակի օրերին:
Գառնու հեթանոսական տաճարի մոտակա վաճառասեղանները կքած էին մուրաբաների, թթու լավաշի ու հուշանվերների ծանրությունից
Տաճարի մոտակայքում գտնվող վաճառասեղանի աշխատակցուհին զարմացրեց ինձ՝ տեղեկացնելով, որ տեղի վաճառական կանայք 8 լեզվով են խոսում: «Ոչ լրիվ խորությամբ, այլ բիզնեսի կանոններով: Ապրանքի անունները, առաջին անհրաժեշտության բառերը գիտեն»,- հստակեցրեց տիկին Գոհարը: Հարցին, թե որ տուրիստներն են ձեզ ավելի դուր գալիս, վաճառողուհին ծիծաղելով պատասխանեց՝ «առնող» տուրիստները: Նա նշեց, որ իտալացիները վարդի մուրաբա են նախընտրում, արաբները՝ մեղր: Տիկին Գոհարը պատմեց գերմանացի տուրիստների կողմից ընկույզի մուրաբայի հանդեպ առանձնահատուկ թուլության մասին: «Ֆրանսիացիները հանգիստ ման են գալիս, փորձում են, բայց հնարավոր է ոչինչ չառնեն»,- ասաց Գոհարը: Վաճառողուհին ասաց, որ իտալացիները հայերի պես առանձնահատուկ ուրախանում են, երբ իրենց լեզվով ինչ-որ բան են լսում: Հարցին` թե իրարից չեք նեղանում, երբ մեկից ավելի շատ են առեւտուր անում՝ պատասխանեց, որ միմյանց օգնում են: «Եթե արդար չեն մրցակցությունից դուրս կթռնեն»,- ասաց վաճառողուհին: Օրվա վաճառքի պատկերը միասին քննարկում են` կոնֆլիկտները բացառելու համար: Տիկին Գոհարը նշեց, որ մանկավարժ է եւ վաճառքով զբաղվում է ամառային ամիսներին, իսկ ուսումնական շրջանում՝ երեկոյան: Տուրիստների առատություն ու առատաձեռնություն մաղթելով՝ հրաժեշտ տվեցի ու հեռացա:
«Մորքուր» ներկայանալ նախընտրող մյուս վաճառողուհին խոսեց տուրիստների շրջանում լավաշի, ընկույզի մուրաբայի, մեղրի ու սուջուխի մեծ պահանջարկի մասին
Տիկինն ասաց, որ փոքր տարաներով մուրաբաները վաճառում է 1000-2000 դրամով, ինչը հարմար ու ձեռնտու է տուրիստներին: «Այսպիսի մի բանկան իրենց մոտ 5-6 եվրո է, մեզ մոտ առնում է 2 եվրոյով»,- ասաց վաճառողուհին՝ հավելելով, որ գնից չեն բողոքում: Գերմանացիներն ու լեհերը փորձում են նաեւ տնական օղի ու գինի: Տեսնելով շուշանի թթուն հարցրեցի, թե արդյոք լավ վաճառվում է՝ արժանանալով բացասական պատասխանի: «Շատ չեն հասկանում, թե ինչ ա շուշանի թթուն»,- ասաց նա: Վաճառողուհին առանձնացրեց դոշաբի ու մեղրի մեծ պահանջարկը:
Գեղարդի վանքի հարակից վաճառասեղաններին առանձնանում էր ախորժելի գաթան
Վաճառող տատիկն անդադար գոռում էր. «արե'ք, արե'ք, լավ գաթա տամ»: Տարածքում զբոսաշրջիկների եռուզեռ էր: Անհոգ թոշակառուի դեմքով գերմանացի տուրիստները հետաքրքրությամբ էին զննում վաճառքի սեղանիկները: Տեղի վաճառողից կարճատեւ հարցուփորձով իմացանք, որ եվրոպական քաղաքակիրթ ազգերի այցերը ոգեւորում են իրենց: «Մեր գաթան շատ է դուր գալիս տուրիստներին, հաճույքով գնում են»,- ասաց վաճառողը՝ ընդգծելով նաեւ մուրաբաների ու սուջուխի մեծ պահանջարկը:
Զբոսաշրջիկների նախասիրությունները պարզեց Հակոբ Վարդանյանը