Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում Երեւանում կանցկացվեն միջազգային համաժողով եւ ԵԽ Կոնգրեսի բյուրոյի նիստը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում տեղի կունենա «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հունիսի 19-ին կայանալիք համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը` տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները, կներկայացվի նաեւ ԵԽ անդամ երկրներում այս ոլորտում առկա դրական փորձը:
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության եւ տարածաշրջանների պալատների նախագահներն ու անդամները, ինչպես նաեւ Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ:Բացման խոսքով հանդես կգա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն «Արդյոք այսօր տեղական ժողովրդավարությունը հնարավոր է առանց ուղիղ մասնակցության», «Մասնակցային մոդել. ուղիղ եւ ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. քաղաքացիական մասնակցության նոր ձեւեր» թեմաներով քննարկումներ:
Թեմատիկ քննարկումների արդյունքները կամփոփվեն համաժողովի փակմանը` Հերվիգ վան Շտաայի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից: