«Բոլորը գնում են Երեւան»-ի մասնակից Տինիս Մյագինն ուրախ է երկար տարիներ անց կրկին լինել Գյումրիում
2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Բոլորը գնում են Երեւան» ժողովրդական դիվանագիտական առաքելության» շրջանակներում հունիսի 14-ին Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում «Դե Ժա Վյու» համերգային ծրագրով հանդես եկավ Տինիս Մյագի-Կյարտ Իյոխանսոն զույգը:
Էստրադային երգիչ, կիթառահար, դերասան, երգահան Տինիս Մյագինը հայտնի է ոչ միայն Էստոնիայում, այլ նաեւ նախկին խորհրդային շատ հանրապետություններում: Տինիս Մյագին ավելի հայտնի դարձավ 80-ականներին: Վերջինիս էր վստահված 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերի հիմնի կատարումը: Տինիս Մյագինը ելույթ է ունենում կնոջ՝ Կյարտ Իյոխանսոնի հետ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում երգիչը նշեց, որ 1969 թվականից երկար տարիներ անց ուրախ է կրկին լինել Գյումրիում, քանի որ Գյումրու հետ կապված են իր բանակային կյանքի տարիների հուշերը:
«Գյումրին շատ է փոխվել: Համերգից հետո լավ կզբոսնեմ:Միակ բանը, որ ծառայության ժամանակվանից ես լավ հիշում եմ, այն է, որ արթնանում եւ տեսնում էի Արարատը»,- նշեց Տինիս Մյագինը:Խոսելով իր ստեղծագործությունների մասին, որոնց թիվը հասնում է հինգ հարյուրի, Տինիս Մյագինը դժվարացավ առանձնացնել դրանցից ինչ-որ մեկը: «Դա անհնար է, բոլորն իմն են, ես չեմ կարող տարբերություն դնել դրանց միջեւ»,-ավելացրեց երգիչ-երգահանը:
«Բոլորը գնում են Երեւան» ժողովրդական դիվանագիտական առաքելության» միջոցառումների մեկնարկը տրվել է հունիսի 13-ին, իսկ գալա համերգը տեղի կունենա հունիսի 16-ին: Ծրագիրը նպատակ ունի հետխորհրդային երկրներում մշակութային կապերի ընդլայնման եւ շփման նոր հնարավորություններ ստեղծել:
Թեեւ ծրագիրը կոչվում է «Բոլորը գնում են Երեւան», այս օրերի ընթացքում ոչ միայն երեւանյան, այլ նաեւ մարզային շատ մշակութային կենտրոններում կանցկացվեն համերգներ, ցուցադրություններ, թատերական ներկայացումներ: Ծրագիրը շարունակական է՝ հայաստանյան պատվիրակությունը փոխայցելություն կկատարի Էստոնիա: