Իրանի դեսպանն ընդգծել է Արագածոտնի մարզի հետ համագործակցության ամրապնդման կարեւորությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին հունիսի 13-ին այցելել է Արագածոտնի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեսպանին մարզպետարանում ընդունել է մարզպետ Սարգիս Սահակյանը: Հանդիպմանը մարզպետը Մոհամադ Ռեիսին ընդհանուր գծերով ծանոթացրել է սոցիալ-տնտեսական, կրթա-մշակութային եւ այլ ոլորտներում մարզում իրականացվող ծրագրերին: Տեղեկանալով մարզի հիմնական ներուժին եւ նկատի ունենալով որ մարզն առավելապես գյուղատնտեսական ուղղվածություն ունի` դեսպանը կարծիք է հայտնել, որ այստեղ իրենց երկրի ձեռնարկատերերի կողմից հնարավոր ներդրումներ կատարելու հետաքրքիր մտահղացումներ կարող են լինել: Դեսպանը նշել է նաեւ, որ առավել որոշակի ծրագրեր կքննարկվեն կողմերի միջեւ մոտ ժամանակներս կայանալիք հանդիպմանը: