«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ին մնացել են հաշված ժամեր. Վահագն Մարգարյանը ջանք չի խնայում Հայաստանը լավ ներկայացնելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ 17-ամյա Վահագն Մարգարյանը նախապատրաստական բուռնգործընթացում է: Այս տարի մրցույթը հյուրընկալող Լեհաստանի Գդանսկ քաղաքից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարգարյանը պատմեց, որ ունի բարձր տրամադրություն եւ ջանք չի խնայում ամենօրյա պարապունքների ընթացքում իրեն հնարավորինս լավ դրսեւորելու համար:

«Բավական բարդ է, քանի որ շատ կարճ ժամանակահատվածում պետք է ըմբռնենք բոլոր նոր շարժումները, սակայն այդ ամենը նաեւ շատ ոգեւորիչ է ինձ համար»,- տպավորություններով կիսվեց Մարգարյանը: Հայաստանի պատվիրակն արդեն հասցրել է ընկերանալ բոլոր երկրների մասնակիցների հետ:

Մարգարյանին Գդանսկում ոգեւորում է նաեւ այն, որ համացանցի միջոցով շփվում է իր երեւանյան ընկերների հետ, որոնց սատարումն ու աջակցությունն իրեն ուժ է տալիս:

«Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա պարուսույց Բալլեթ Բոյզը, դիտելով բոլոր տասը մասնակիցների փորձերը, բաժանել է նրանց երկուական 5 հոգուց բաղկացած խմբերի, ինչի համաձայն էլ իրականացվում են փորձերը:

Հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք մրցույթը կմեկնարկի հենց Մարգարյանի «Փակուղի» անվանումով մենապարով:

«Կարծում եմ շատ խորհրդանշական է, որ մենք առաջին անգամ ենք մասնակցում այս մրցույթին, եւ առաջինն ենք ելույթ ունենալու»,- ասաց Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը: Ի տարբերություն մյուս «Եվրատեսիլ»-ների` «Պատանի պարողների Եվրատեսիլ»-ն առանձնանում է առաջին հերթին մասնակիցների ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ եւ գերհագեցած օրակարգով: Այս օրերին մասնակիցները ոչ միայն փորձերի են մասնակցում, այլեւ տարաբնույթ միջոցառումների, շփվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

«Ողջ ընթացքում մասնակիցներն ամեն օր մի քանի ժամ շարունակ փորձում են իրենց ելույթները, նաեւ խմբակային պարը, ինչն իսկապես բավական բարդ է»,- նշեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Նա պատմեց, որ ինչպես յուրաքանչյուր եվրատեսիլյան մրցույթի ժամանակ, այս անգամ եւս Լեհաստանում բնակվող հայերը հանդիպել են իրենց եւ արժանացրել ջերմ ուշադրության:

Հայաստանի մասնակցի բեմադրության համար երաժշտությունը հեղինակել է Օտտո Բուբենչիկը, ով Իրժի եղբոր հետ բավական հայտնի են երաժշտական աշխարհում: Երաժշտության մեջ կհնչի դուդուկ, ջութակ:

Գասպարյանի խոսքով` դուդուկի առկայություն կլինի նաեւ Գդանսկում նկարահանված հայաստանյան տեսաբացիկում, ինչը հեռուստադիտողների համար անակնկալ է լինելու:

Հունիսի 8-ին Գդանսկի Բալթիկ Օպերայի տանը տեղի է ունեցել «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի 10 մասնակից երկրների պատվիրակությունների ընդունելության արարողությունը:Պատվիրակությունները դիտել են պարուսույց Իզադորա Վեյսի «Ամառային գիշերվա երազը» խորագրով ներկայացումը, որի երաժշտության հեղինակն է սերբ հայտնի կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը:

Համաձայն մրցույթի կանոնադրության` մասնակիցների անհատական բեմադրությունը կունենա մեկ ու կես րոպե տեւողություն: Մասնակիցները հանդես կգան նաեւ խմբակային պարով: Միայն եզրափակիչ անցած պարողներին կսպասվի նաեւ իմպրովիզի փուլը, որտեղ գնահատելի կլինի շուտ կողմնորոշվելու ունակությունը եւ տարբեր ոճերում հանդես գալու կարողությունը:

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը կհեռարձակվի Առաջին ալիքով հունիսի 14-ին ժամը 22:00-ին: Մրցույթը բոլոր ցանկացողների համար հասանելի կլինի նաեւ վիրտուալ տիրույթում` մրցույթի պաշտոնական կայքում։

Հայերեն English Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար