ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում բաժակ է ստեղծվել, որը չի կարող ուղիղ վիճակում մնալ սեղանի վրա, եթե դրա տակ բջջային հեռախոս չտեղադրվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lenta.ru-ն, բաժակի հատակը անհարթ է, ինչի արդյունքում այն չի կարող սեղանի մակերեսին ուղիղ կանգնել:
Բաժակը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի մարդիկ սրճարաններում և բարերում ավելի շատ ժամանակ հատկացնեն միմյանց հետ շփմանը:
«Օֆֆ-լայն-բաժակը» ստեղծվել է տեղի գովազդային ընկերություններից մեկի կողմից: Վերջերս այն ներկայացվել էր Սան-Պաուլոյի բարերից մեկում: Գովազդի հեղինակներից Վանդերլեյ Ռոմանոն նշում է, որ նրանք այս բաժակի հետ մեծ հույսեր են կապում և սպասում են, որ այն դուր կգա մարդկանց: «Մարդիկ պետք է բար գան, կտրվեն աշխարհից, շփվեն իրենց ընկերների հետ եւ գոնե մի քանի ժամ ապրեն իրական կյանքով»,-ասել է նա: