«Արարատ 73»-40 տարի անց. Խաղընկերները հիշում են Ալեքսանդր Կովալենկոյի մարդասիրության եւ պարի նկատմամբ սիրո գաղտնիքները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովալենկոն ոչ միայն հայկական ֆուտբոլի, այլեւ ամբողջ ԽՍՀՄ ֆուտբոլի պատմության լեգենդն է». ահա թե ինչպես են այսօր հիշում ու մեկ նախադասությամբ բնութագրում իրենց խաղընկերոջը «Արարատ- 73»-ի ֆուտբոլիստները: Նրանք, իրարից անկախ միանգամից նշեցին, որ Ալեքսանդր Կովալենկոն անմնացորդ նվիրվում էր խաղին, մարդասեր էր եւ ամեն ինչում հասնող ընկեր` բոլորի համար: Նա թիմի ընկերության ոգին է եղել:

Ալեքսանդր Կովալենկո:

Ծնվել է 1943-թվականին: Պաշտպան (կիսապաշտպան, հարձակվող): Սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1962 թվականից: 1971 թվականին ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ առաջնության հաղթող: Նույն թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ «33 լավագույն ֆուտբոլիստներ»-ի կազմում: Հանդես է եկել ԽՍՀՄ երիտասարդական եւ Օլիմպիական հավաքականներում: Պարգեւատրվել է ԽՍՀՄ պատվոգրով: Մասնակցել է 281 խաղի, դարձել 19 գոլի հեղինակ: Ալեքսանդր Կովալենկոն կյանքից հեռացել է 2002թ.:

Ալեքսանդր Կովալենկոն Նիկոլայ Ղազարյանի հուշերում: ««Արարատ»-ի «բետոնե պատն էր» Կովալենկոն: Նա մեր կենտրոնական պաշտպանն էր, եւ հենց այդ դիրքից էր կախված պաշտպանության հիմնական գիծը: Երբ Կովալենկոն հիմնական կազմում էր, մենք մեզ հանգիստ էինք զգում: Վստահ էինք, որ պաշտպանությունն ապահովված է: Նա շատ հանգիստ ու վստահ էր խաղում, ամուր պաշտպան էր: Գիտեք, որ ֆուտբոլիստները նաեւ թիկունքի մասին են մտածում: Մենք գիտեինք` դարպասին Ալյոշա Աբրահամյանն է, կենտրոնականում` Սաշան, Սանասար Գեւորգյանը աջից է խաղում, իսկ ձախում Նորիկ Մեսրոպյան է, սա մեզ հաղթելու ուժ էր տալիս:

Մեր ընկերությունը շարունակվում էր նաեւ մարզադաշտից դուրս: Միասին գնում էինք ձկնորսության: Մեր տարիքի տարբերությունն այդքան էլ շատ չէր, բայց մենք իրեն մեր մեծ եղբայրն էինք համարում»:

Ալեքսանդր Կովալենկո ֆոտբոլիստի եւ մարդու կենսուրախ բնավորությունը, հոգատարությունն ու ընկերասիրությունը առանձնակիորեն հիշեց Սուրեն Մարտիրոսյանը: Խաղըկերոջ մասին պատմելիս նա կարծես եւս մի անգամ երախտագիտության խոսքեր էր հղում նրան: «Կովալենկոյի արարքները եւ խաղադաշտում, եւ առօրյա կյանքում, շարունակում են ապրել իր ընկերների հետ: Նա ոչ միայն հայկական ֆուտբոլի, այլ նաեւ` ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստներից մեկն էր: Յուրաքանչյուր թիմ կցանկանար Կովալենկոյի նման ֆուտբոլիստ ունենալ: Նա ֆիզիկապես շատ ամուր էր, կոփված, մրցակցի գրոհները շատ լավ էր չեզոքացնում: Կարողանում էր դաշտի հենց կենտրոնից շատ լավ կազմակերպել մեր թիմի գրոհները:

Ուրիշ էր նա նաեւ մարզադաշտից դուրս: Մեր ուրախությունն էր Կովալենկոն: Երբ ինչ որ առիթով հավաքվում էինք, նա առաջինն էր հայտնվում պարահրապարակում, միշտ պարասրահի կենտրոնում էր: Երբեք չէր հոգնում: Կարողանում էր բոլորիս իրար գլխի հավաքել:

Նա շատ մոտ էր Հայաստանի պարի պետական անսամբլի ղեկավար Սուրեն Չանչուրյանի հետ: Սուրենը մի «արքայական» կատարում ուներ` «Թաշկինակով պար», Կովալենկոն էլ էր հրաշալի կատարում այդ պարը: Մի անգամ Չանչուրյանը պարում էր իր պարը, Կովալենկոն հասավ, մեջքից գողացավ թաշկինակը, պարելով շուռ եկավ, եւ ասաց. «Սուրիկ ջան, ամբողջ կյանքում թաշկինակը ուսիդ դրած խաբեցիր ազգին»:

Յուրաքանչյուր «արարատցու» համար հպարտություն էր Կովալենկոյի հետ դաշտ մտնելը, խաղալը»,- հիշում է նա:

Լեգենդար «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյաննանսահման կարոտով հիշեց պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին` «ընկեր Ալեքսանդրին»: «Կովալենկոն մեծություն էր: Արժանի ֆուտբոլիստ էր բոլոր հաղթանակների համար: Եթե նա դաշտում էր, ուրեմն մրցակից թիմի հարձակվողները մեր պաշտպանությունում մի անանցանելի պատի էին բախվում:

Կովալենկոն առաջին հերթին մեծատառով մարդ էր, բարի սիրտ ուներ: Հետաքրքիրն ու անմոռանալին նաեւ այն է, որ երբ արտասահմանում հանդիպում էինք լրագրողների հետ, նա միշտ եւ ամենուր հպարտորեն ասում էր, որ ինքը հայ է, իսկական հայ»- ավելացրեց Զանազանյանը:

Ալեքսանդր Կովալենկոյի մասին «արարատցիների» հուշերը գրի առավ Վարվառա Հայրապետյանը

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը