Գյումրու բուժկենտրոնում իտալացի բժիշկները կիրականացնեն սրտի բաց վիրահատություններ
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու բժշկական կենտրոն»-ում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իտալացի բժիշկները կիրականացնեն սրտի բաց վիրահատություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Պիզայի բժշկական կենտրոնի հետ իրականացվող ծրագիրը եռամյա է: Այս ընթացքում իտալացիները կիրականացնեն նաեւ բուժանձնակազմի վերապատրաստում:»Իտալացի սիրտ-անոթաբաններն մեկ անգամ արդեն այցելել են Գյումրու բժշկական կենտրոն, ծանոթացել պայմաններին եւ եկել այն համոզման, որ այստեղ հնարավոր է իրականացնել սրտի բաց վիրահատություններ: Դրան զուգահեռ` վերապատրաստում կանցնեն տեղի մասնագետները՝ երկու բժիշկ եւ մեկ բուժքույր կմեկնեն Իտալիա: Նշված ծրագրով տարեկան վեցանգամյա այց է նախատեսվում իտալացի բժիշկների կողմից Գյումրի: Դրանցից առաջինը ծրագրված է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Գործակցության որակը կախված է նաև նրանից, թե ինչ արագությամբ կկարողանա կենտրոնը լուծել նմանատիպ վիրահատության համար անհրաժեշտ սարքավորումների պակասը»,-»Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց բուժկենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:Իտալական կողմն իր աջակցությունն է առաջարկել նաեւ սարքավորումների ձեռքբերման հարցում:Վիրահատվող առաջին հիվանդների ընտրությունը կկատարվի օգոստոսին՝ իտալացի մասնագետների ներկայությամբ:Հայաստանում նմանատիպ վիրահատություններ ներկայում իրականացվում են Երեւանի «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում: