Հարավային Կովկասում ՌԴ նոր քաղաքականության հաջողության գրավականը նաեւ ՀՀ հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումն է. Կորչմար
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օրվա առթիվ, որը նշվում է հունիսի 12-ին, հունիսի 10-ին պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանը: Ընդունելությանը ներկա էին ինչպես Լոռու, այնպես էլ Շիրակի մարզային, Գյումրու եւ Վանաձորի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ռուսական ջոկատների սպաներ, երկու մարզերում գործող ծառայությունների, բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողջունելով բոլոր հյուրերին՝ ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը նախ ներկայացրեց ՌԴ տոնացույցի ամենաերիտասադ տոնի պատմությունը՝ ընդգծելով, որ այն պետության անկախության եւ պետականության տոնն է:
«Ուրախ եմ, որ այսօր մեր համար կարեւոր տոնը նշում ենք այստեղ` Հայաստանում: Որպես ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը Գյումրիում` ես հպարտությամբ եմ նշում, որ Հարավային Կովկասում ՌԴ նոր քաղաքականության հաջողության գրավականը նաեւ Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումն է: Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը նաեւ Հայաստանի անվտանգության երաշխիքն է: Ուզում եմ նաեւ առանձնացնել ռուսական սահմանապահ ջոկատի ներկայությունը Հայաստան-Թուրքիա սահմանին: Հայ–ռուսական բարեկամության տեսանելի ապացույց կարելի է համարել հյուպատոսարանի եւ Լոռու ու Շիրակի մարզերի միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունները եւ համատեղ ծրագրերը»,- նշեց հյուպատոսը:
Տոնի առթիվ բարեկամ ռուս ժողովրդին շնորհավորական ուղերձ հղեցին նաեւ Շիրակի մարզպետը, ռուսական համայնքի, բուհերի ներկայացուցիչներ:1994 թվականից հունիսի 12-ը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հրամանով պաշտոնապես ճանաչվեց ՌԴ պետականության հաստատման օր, ավելի ուշ տոնը կոչվեց Անկախության օր, իսկ 2002 թվականից այն վերանվանվել է Ռուսաստանի օր: