2 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետարանում հունիսի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որին ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Խորհրդակցության ժամանակ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումը` Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցին Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխատանքային խորհրդակցությանը ներկա չի եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով հունիսի 6-ին իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Արա Դոլունցը ծնվել է 1957թ. ապրիլի 5-ին Գորիս քաղաքում, 1964թ. ընդունվել եւ 1974թ. ավարտել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցը։ 1974-ին ընդունվել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներաշինարարական ֆակուլտետը եւ այն ավարտելուց հետո` 1979թ. աշխատանքի է անցել Գորիսի թիվ 21 ՇՄՇ-ում, սկզբում որպես շինվարպետ, այնուհետեւ` աշխղեկ ու աշխատել մինչև 1988թ.։ 1988-1990թթ. աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջանային կոմիտեում որպես կազմակերպական բաժնի հրահանգիչ։ 1990թ. տեղափոխվել է աշխատանքի «Գորիսշին» շինմոնտաժային միավորում` որպես գլխավոր ինժեներ։ Նույն թվականին ընտրվել է Գորիսի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1991թ. փետրվարին ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1996թ. մայիսին` Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։ 1997թ. հունվարին Դոլունցը նշանակվել է Գորիսի քաղաքապետի տեղակալ, 1999թ. ապրիլ ամսից մինչև օգոստոսը` քաղաքապետի պաշտոնակատար։ 1999թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել ՀՀ Սյունիքի մարզպետարանում` որպես ՏԻՄ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետ։ 2003թ. հունիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, ուր աշխատում է մինչեւ այժմ։ ՀՀԿ անդամ է 1998 թվականից: Ամուսնացած է, ունի երկու զավակ: