Մարզային

Քոլին Ջենքինսը հաստատվել է Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրենի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Քոլին Ջենքինսը հաստատվել է Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրենի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում կայացել է Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) հոգաբարձուների խորհրդի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դիլիջանի միջազգային դպրոցից, նիստի ընթացքում ներկայացվել են հոգաբարձուների խորհրդի նոր անդամները` RD Group ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ եւ ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեպերսը:

DIS հոգաբարձուների խորհուրդը դպրոցի տնօրենի պաշտոնում հաստատել է Քոլին Ջենքինսին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ուելսում (Մեծ Բրիտանիա) UWC Atlantic College-ի տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ ակտիվ մասնակցություն է ունեցել Մաաստրիխտում, Սինգապուրում եւ Կոստա-Ռիկայում UWC քոլեջների կայացման գործում:

Քոլին Ջենքինսը ներկայացրել է DIS-ի ուսուցիչների եւ աշակերտների հավաքագրման ռազմավարությունը: Դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին` այն կկարողանա ընդունել 650 աշակերտներ առնվազն 60 երկրներից:

«Հուսով ենք, որ հունիսի սկզբին կհաղթահարենք Միավորված աշխարհի քոլեջների (UWC) ընտանիքին անդամակցելու հերթական փուլը եւ հուսով ենք դառնալ UWC Dilijan», - ասել է նախագծի հիմնադիր, ներդրումային բանկիր Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը:DIS-ի անդամակցությունը United World Colleges (UWC)-ին կապահովի ուսանողների միջազգային կազմը`դառնալով Միավորված աշխարհի քոլեջների լիիրավ անդամ, դպրոցը կկարողանա աշակերտներ հավաքագրել տարբեր երկրներում UWC ազգային կոմիտեների ցանցի շնորհիվ:

Նիստից առաջ խորհրդի անդամները այցելել են շինհրապարակ, որտեղ շարունակվում է դպրոցի կամպուսի ինտենսիվ շինարարությունը: Շինարարության ընթացքը խորհրդի անդամներին ներկայացրել է դպրոցի նախագծի հեղինակ, բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը (Tim Flynn ստուդիայի ղեկավարը), որը եւս ընդգրկված է DIS-ի հոգաբարձուների խորհրդում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում