«Արարատ 73»-40 տարի անց. Սերգեյ Պողոսյանն իր թիմակիցների օրինակով խորհուրդներ է տալիս ներկայիս հավաքականին

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատցիներ»-ն իրենց հաղթանակի 40-ամյակի մասին հիշելիս անսահման ուրախությամբ են խոսում. դրանք այն հաղթանակներն էին, որ ֆուտբոլիստները նվաճել են երկրպագուների աջակցության եւ սեփական գործին անսահաման նվիրումի շնորհիվ: «Արարատ»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում հաթղանակի մասին խոսելիս հիշատակում էր «Դինամո»-ի հետ եզրափակիչ խաղի ամեն մի րոպեն: Նա նոր մանրամասներ ու հետաքրքիր դրվագներ պատմեց «Արարատ 73»-ի` երբեք չմարող ու սերունդներին հպարտություն պարգևող հաղթանակների մասին:

Պատմում է Սերգեյ Պողոսյանը:

Ծնվել է 1948 թվականին: Կիսապաշտպան: Սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել 1968-1969 թվականներին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970 թվականից Երեւանի «Արարատ»-ի կազմում: 1973 թվականին ԽՍՀՄ գավաթակիր եւ երկրի առաջնության ոսկե մեդալակիր է: Պարգեւարտվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվորագրով: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 63 խաղի, խփել5 գնդակ:

- Դուք Երեւանի «Արարատ»եք եկելԼենինգրադի (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) «Զենիթ»-ից: Ասացեք խնդրեմ, ինչպեսեղավ, որ վերադարձաք հայրենիք:

- Ծնվել եմ Բաքվում: Ֆուտբոլի նկատմամբ սերն ինձ հասցրեց նրան, որ ընդգրկվեցի Ադրբեջանի նախ դպրոցականների, ապա` երիտասարդական հավաքականներում: Այնուհետեւ հրավերներ ստացա Բաքվի «Նեւթչի»-ից եւ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից: Իմ մարզչի` Մարսել Ջավախյանի խորհրդով միառժամանակ սպասեցի: 1968-ին, երբ Արտյոմ Ֆալյանը տեղափոխվեց Լենինգրադի «Զենիթ», ինձ հրավիրեց այնտեղ խաղալու: Երկու տարի «Զենիթ»-ում խաղացի: Բայց քանի որ երիտասարդ էի, եւ հարազատներս էլ արդեն Երեւանում էին, որոշեցի տեղափոխվել Երեւանի «Արարատ»: «Արարատ» եկա, երբ թիմի մարզիչը Ալեքսանդր Պոնոմարյովն էր:

- Ինչպես Ձեզ ընդունեցին «արարատցիները»:

- Անկեղծ ասեմ, մինչեւ հիմա հիշում եմ, թե ինչպիսի ջերմությամբ ու հարազատի նման ընդունվեցի: Շատ ջերմ ու անմիջական էր ընդունելությունը:

- Մի առիթով Արամայիս Սահակյանը գրել է, որ Ձեր համառությունն ավելի ուժեղ է, քան` Ձեր ոսկորները:

-Այո, կարծես հենց էլ այդպես է: Մեկ անգամ չէ, որ խաղի ժամանակ կոտրել եմ ոտքս: Ոտքերս կոտրելուց հետո երկու երեք ամիս խաղադաշտ դուրս չէի գալիս: Չգիտեմ համառությունն էր, թե մեծ սերը ֆուտբոլի նկատմամբ, ինձ ստիպում էր նորից վերադառնալ խաղադաշտ:

- Հիմա 40 տարի անց Ձեր հիշողության մեջ ինչպես է մնացել 1973 թվականը:

-Իհարկե, ամբողջ մրցաշրջանի խաղերը լավ չեմ հիշում, բայց 1973 թվականն ինձ համար թանկ է ու անմոռանալի, քանի որ հենց այդ տարում մենք հասանք մեր նպատակին: Իրոք, ամեն ինչ հեշտ չտրվեց: Եվ այս ամենի մեջ առանձնանում է Կիեւի «Դինամո»-ի հետ հանդիպումները: Դինամոյականներին նույնիսկ անվանում էին «թիմ-մեքենա»:Անկեղծ ասած, հիշելով եւ ուրախանում եմ, եւ տխրում: Երբ անցան այսքան տարիները, շատ շուտ անցան: Հիմա ավելի եմ արժեւորում մեր նվաճումները: Հսկայական ԽՍՀՄ-ում մեկ մրցաշրջանում դառնալով եւ չեմպիոն, եւ գավաթակիր: Մենք իսկապես արժանի էինք:

-Բոլոր «արարատցիները» նշում են, որ 1973 թվականին եկել էր չեմպիոն դառնալու պահը: Դուք համաձայն եք:

- Այո, իհարկե, չնայած 1973-ին «Արարատ»-ը մարզում էր Նիկիտա Սիմոնյանը, բայց մինչ նա եղած մարզիչները եւս իրենց մեծ ներդրումն ունեն այդ հաղթանակի մեջ: Կասեի` այդ հաղթանակի հիմքը դրվել է դեռեւս 1967 թվականից, երբ «Արարատ»-ը մարզում էր Արտյոմ Ֆալյանը: Նրանից հետո եկած մարզիչները եւ Պոնոմարյովը, եւ Գլեբովն իրենց լուման ունեն թիմի կայացման գործում: Մեր տղաները արժանի էին այդ կոչմանը, իսկ ավելի շատ մեր երկրպագուները` այդ ուրախությանը: Այդ հաղթանակի մեջ մեծ է նրանց ներդրումը:

- Իսկ ինչպիսի մարզիչ, ընկեր կամ ավագ ընկեր էր Նիկիտա Սիմոնյանը:

- Ասեմ: Եթե նոր մարզիչները գալիս են ու անմիջապես թիմում փոխում են ամեն ինչ, «թարմացնում», ապա Սիմոնյանը ոչինչ չփոխեց: Նա իր պրոֆեսիոնալիզմը բերեց: Նա որքան լավ մարդ էր, այդքան էլ լավ մարզիչ էր, լավ ընկեր: Դեռ մի բան էլ ավելի, նա հրաշալի հոգեբան էր, գիտեր, որ պահին ում փոխարինման դուրս բերի կամ ում վերցնի այդ օրվա հանդիպման հիմնական կազմում:

- Դուք «Դինամո»-«Արարատ» հանդիպմանը խաղադաշտ մտաք միայն երկրորդ կեսին: Սա էլ էր Սիմոնյանի մարտավարությունը:

- Այո, ինձանից բացի պահեստայինների նստարանին էր նստած նաեւ Նիկոլայ Ղազարյանը: Մենք երիտասարդ չէինք, բայց կուզենայինք խաղալ առաջին իսկ րոպեից, եւ մի քիչ էլ նեղացել էինք Սիմոնյանից (ծիծաղում է): Երբ նկատեց, որ քթներս կախել ենք, ասաց. «Տղաներ, գիտեք ինչու հիմական կազմում չեք, ես գիտեմ, որ հրաշալի մարզավիճակում եք եւ պետք է խաղաք: Ձեր խաղաոճն այնպիսինն է, որ կարող եք փոխել խաղի ընթացքը»: Եվ այդպես էլ եղավ: Կյանքն ու ժամանակը ցույց տվեցին, որ Սիմոնյանը ճիշտ էր: Երբ պարտվում էինք 0-1 հաշվով, ես եւ Նիկոլայը կարծես փշերի վրա նստած լինեինք: Խաղի ավարտից մոտ 20 րոպե առաջ մենք մտանք խաղադաշտ: Իսկ մենք խաղադաշտ մտանք ինչպես «աննորմալ»-ը, այդ պահին պատրաստ էինք տալ ամեն ինչ հաղթելու համար: Գուցե անհամեստ կհնչի, բայց իմ կարծիքով, մենք կարողացանք բեկել խաղի ընթացքը: Հակագրոհները հաջորդում էին մեկը մյուսին` մեկ, երկու, երեք, եւ գրավեցինք մրցակցի դարպասը: Եթե մեզ չհաջողվեր գավաթին տիրանալ, վստահ չեմ, որ առաջնության առաջատարը եւս մենք կլինեինք:

- Ձեր կարծիքով, ովքեր էին «Արարատ»-ին «տանում» իրենց ուսերին:

- Բոլորս էինք խաղում հաղթանակի համար: Հետաքրքիրն այն է, որ հիմա նայելով «Բարսելոնա»-ի խաղերը, ես հիշում եմ մեր խաղը, համեմատում: Մենք այն ժամանակ խաղում էինք այնպես, ինչպես այժմ «Բարսելոնա» է: Մենք էլ համահունչ ու սահուն կերպով զարգացնում էինք, թե պաշտպանությունը եւ թե հարձակումը: Հարձակման գծում մրցակցի տուգանային հրապարակ էին ներխուժում Լեւոնն Իշտոյանն ու Նիկոլայ Ղազարյանը: Նույնիսկ պաշտպանը` Նորիկ Մեսրոպյանն էր հասնում հարձակման գիծ: Էլ չեմ էլ խոսում կիսապաշտպանության մասին: Հենց կիսապաշտպանություն էր մեր ոսկե օղակը: Տեխնիկապես անգերազանցելի էր Էդուարդ Մարկարովը: Մեր տղաները` Զանազանյանը, Անդրեասյանը, Բոնդարենկոն, նաեւ ես իսկապես մեծ աշխատանք էինք տանում խաղադաշտում: Հարձակվելիս օգնում էինք հարձակվողներին, պաշտպանվելիս` պաշտպաններին: Անդրեասյանը հրաշալի էր տեսնում խաղադաշտը, Բոնդարենկոնի հարվածներն այնքան ուժեղ էին, որ ժողովրդի մեծ տարածվել էր «հավլաբարից գոլ խփեց» արտահայտությունը: Դարպասապահի` Ալյոշա Աբրահամյանի հստակության եւ ճարպկության մասին խոսելն արդեն ավելորդ է: Մենք լրացնում էինք մեկս մյուսին, եւ մեզ համար էր ասված` «Մեկը բոլորի, բոլորը` մեկի համար»:

- Հիմա Ձեր գլխավորությամբ գործում է վետերանների միությունը: Ինչպիսին է ձեր առօրյան:

- Երբ ակումբը դեռ չկար, դարձյալ տղաներով հավաքվում էինք: Սակայն մի տեսակ միասնական չէինք, առիթից-առիթ էինք իրար տեսնում: Տղաների հետ որոշեցինք ստեղծել մի ակումբ, որտեղ կհավաքվեն նրանք, ովքեր հեռանում են ֆուտբոլից: Վերջին հինգ տարում մեզ հաջողվել է ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Մենք փորձում ենք ամեն կերպ աջակցել անկախ Հայաստանի ֆուտբոլի զարգացմանը: Մենք նրանց համար կենդանի օրինակ ենք: Բացի դրանից, հանդիպումներ ենք կազմակերպել Թեհրանում, Մոսկվայում, Սոչիում, Թբիլիսում: Շատ հաճախ հանդիպումները մենք կազմակերպում ենք բոլորիս հաշվին: Պարզապես ծանր է, երբ թողնում ես սիրելի զբաղմունքդ եւ դժվար է «ուրիշ» կյանքի վերադառնալ: Ակումբում ունենք հարմարավետ պայմաններ: Միասին երբեմն խաղեր ենք նայում, քննարկում ենք: Անպայմանորեն հոկտեմբերի 12-ին միշտ հավաքվում ենք, միասին լինում:

- Ինչով եք այժմ զբաղված: Կապը մնացել է ֆուտբոլի հետ:

- Երբ Սանկտ Պետերբուրգից վերադարձա Հայաստան, այստեղ ավարտեցի նաեւ համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ֆուտբոլից հեռանալուց հետո շարունակեցի երկրորդ մասնագիտությամբ աշխատել: Հիմա ավելի քան 33 տարի է, աշխատում եմ այդ բնագավառում: Հիմա աշխատում եմ վերահսկիչ պալատում: Մի քանի տարի աշխատել եմ նաեւ դատախազությունում: Չնայած այդ համակարգում եմ աշխատել, բայց ոչ մեկը ինձանից նեղացած չի հեռացել (ծիծաղում է): Բայց միեւնույնն է, երբեք ֆուտբոլը մտքիցս չեմ հանել: Ֆուտբոլն այժմ մեզ համար, կարծես, մի յուրօրինակ խթանիչ է, որը եւ ուժ է տալիս, եւ ուրախություն պարգեւում: Իհարկե, ֆուտբոլային կարգապահությունն ու խստությունն իր ազդեցությունն ունեցավ հետագա աշխատանքային հաջողություններիս վրա:

- Ընտանիքում ֆուտբոլային ճանապարհը շարունակող ունեք:

- Ես ունեմ երկու աղջիկ եւ մեկ տղա: Հինգ թոռնիկների պապիկ եմ: Միակ տղաս` Տիգրանը, մի շրջան զբաղվեց ֆուտբոլով, սակայն հետո ես արգելեցի նրան:

-Ինչու:

- Հիմա ասեմ ինչու: Մի անգամ գալիս եմ տուն ու տեսնում, որ Տիգրանը պարապմունքների ժամին տանն է, մարզումների չի գնացել, երկրորդ անգամ, երրորդ: Ինչու չես գնում, հարցնում եմ, ասում է` անձրեւ է, ցուրտ է, այս է, այն է: Ահա այդ ժամանակ որոշեցի եւ արգելեցի նրան ֆուտբոլով զբաղվել: Ես այն կարծիքին եմ, որ ֆուտբոլն այն մարզաձեւը չէ, որ անձեւանոցով խաղաս, կամ էլ միայն արեւոտ օրերին: Պետք է նվիրվել մինչեւ վերջին կաթիլը: Հիմա ինքն էլ ինձ նման դատախազության հետ է կապված, քննիչ է:

-Իսկ ինչ կարծիքի է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստը հայկական ֆուտբոլի այսօրվա մասին:

- Ամենացավոտ հարցն եք տալիս: Ազգային հավաքականի տղաներրը մի քանի հրաշալի հանդիպում անցկացրին: Իսկ ինչ վերաբերում է ընտրանու վերջին խաղերին, տղաները կարծես թույլ խաղացին: Չխաղացին իրենց հնարավորությունների չափ: Ցավոք սրտի, կորցրեցին շատ լավ հնարավորություն դուրս գալ աշխարհի առաջնության հաջորդ փուլ: Բայց հնավորություններ դեռ կան: Կարծում եմ, մի քանիսը չեն կարող ամեն ինչ անել: Բոլորը պետք է նվիրվեն: Առավել եւս, երբ այժմ ունենք լավ ֆուտբոլիստներ: Վարդան Մինասյանն էլ բավական լավ մասնագետը է: Իսկ ազգային թիմից զատ, մեծ սիրով նայում եմ անգլիական ֆուտբոլը, հատկապես` «Մանչեստեր Յունայթեդ»-ի եւ «Մանչեստեր Սիթի»-ի խաղերը:

Սերգեյ Պողոսյանի հիշողությունները երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը

Լուսանկարները` «Արմենպրես»-ի արխիվից եւ Սամվել Բերքիբեկյանի

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը