Հայն ամենատաղանդավոր, հետաքրքիր եւ տոկուն ժողովուրդներից է. Ջոն Հեֆերն
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Գյումրու «Թռչունյաց տուն» մանկատանը մասնակցել է «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությմաբ կազմակերպված «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցահանդեսին: Ցուցահանդեսին ներկա էին նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ֆոտոցուցադրությանը ներկայացված էր Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի՝ Ամերկոմի բացառիկ՝ 1915-1929 թվականների դեպքերը ներկայացնող հավաքածուն:
«Ամերկոմ»-ը ցեղասպանությունից հետո շուրջ 116 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին՝ օգնելով սովյալներին, բացելով ավելի քան 200 որբանոց եւ հիվանդանոց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողջյունի խոսքում դեսպան Հեֆերնը նշել է, որ այս ցուցահանդեսը հայ-ամերիկյան պատմությունն է եւ ցույց է տալիս Միացյալ Նահանգների առատաձեռնությունը եւ հայի տոկունությունը, բայց սա ոչ թե ողբերգության, այլ հաղթանակի պատմություն է:
Մինչ ցուցահանդեսի մեկնարկը, դեսպանին ընդունել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նրանք կարեւորել են փոխհամագործակցությունը: Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կառավարությանը Հայաստանին աջակցելու համար: «Հայն իմ իմացած ամենատաղանդավոր, հետաքրքիր եւ տոկուն ժողովուրդներից է, իսկ շիրակցին՝ արվեստասեր ու պայքարող»,- իր խոսքում նշել է դեսպանը: Նա նաեւ հետաքրքրվել է Շիրակի մարզում իրականացվելիք ծրագրերից:
«Ծրագրեր եւ անելիքներ, բնականաբար դեռ շատ կան: Շիրակն այն մարզն է, որտեղ սոցիալական խնդիրները շատ են, իսկ ամենամտահոգիչը գործազրկությունն է»,-նշել է մարզպետը՝ կարեւորելով մարզում ֆինանսական ներդրումային ներգրավումը: