Մարզային

Աննախադեպ կարկուտը մեծ վնաս է հասցրել Սյունիքի Ագարակ քաղաքին եւ հարակից գյուղերին

2 րոպեի ընթերցում

Աննախադեպ կարկուտը մեծ վնաս է հասցրել Սյունիքի Ագարակ քաղաքին եւ հարակից գյուղերին

ՄԵՂՐԻ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրիի տարածաշրջանի Ագարակ քաղաքում եւ հարակից գյուղերում մայիսի 26-ի երեկոյան աննախադեպ կարկուտ է տեղացել: «Ժամը 20.40-ից սկսած` երեք անգամ տեղացել է կարկուտ, ամենաուժեղ տարափը, որը տեւել է ընդամենը վեց րոպե, ժամը 23-ի սահմաններում է եղել, որն էլ առավել մեծ վնասներ է հասցրել համայնքին: Կարկտի հատիկների մեծությունը գերազանցում էր ընկույզի չափերը», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Քաղաքապետի նախնական գնահատումներով` գրեթե ամբողջովին տուժել են համայնքի պտղատու ծառերն ու ցանքսերը, կարկտից ոչ միայն թափվել է բերքի զգալի մասը, այլեւ լրջորեն վնասվել են ծառերը: Ջարդվել են նաեւ քաղաքի փողոցային լուսավորության համակարգի լուսամփոփները, վնասվել են մեքենաներ` այդ թվում քաղաքապետարանի մեքենան: Ուժեղ կարկուտ է տեղացել նաեւ Ագարակի հարակից Կարճեւան եւ Լեհվազ համայնքներում: Կարճեւանի գյուղապետ Արմեն Ավետիսյանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ մոտավոր հաշվարկներով տուժել է գյուղի բերքի 30 տոկոսը:

Նույն օրը տեղացած առատ կարկտից նույն չափով տուժել է նաեւ Լեհվազ, Վարդանիձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս գյուղերի բերքը: Կարկտից տուժած համայնքներում ստեղծված են հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում են վնասի չափերը: Դեպքի մասին տեղյակ է պահվել ԱԻ Սյունիքի մարզային ծառայությանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պատասխանատուներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում