Մարզային

Հայկական եւ ռուսական զորքերը համատեղ շքերթ անցկացրին Գյումրիում

2 րոպեի ընթերցում

Հայկական  եւ ռուսական զորքերը համատեղ շքերթ անցկացրին Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսյան հաղթանակների առթիվ այսօր բազմամարդ էր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: Մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, նախ հարգելով Հայենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը, ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»-ի մոտ: Անցած տարիների նման այս տարի եւս միջոցառմանը ներկա էին պատերազմի վետերանները:Տոնական միջոցառմանը, շնորհավորելով բոլորին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ 68 տարի առաջ ձեռք բերած հաղթանակը փառահեղ էր, ինչի համար պետք է շնորհակալ լինել թե՛ նրանց, ում արյան գնով վաստակեցինք հաղթանակը եւ թե՛ նրանց, ում շարքերն այսօր նոսրանում են: «Եթե մենք մեր հարգանքի տուրքը եւ վերաբերմունքը չունենանք այս մարդկանց հանդեպ, մենք մեծ սխալ կգործենք մեր հատագա սերնդի առաջ»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Ներկաներին նաեւ ողջունեցին եւ շնորհավորեցին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը եւ ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարը: «Դուք կռել եք այս հաղթանակը այսօրվա համար: Մոտ ինը հազար գյումրեցի մասնակցեց Մեծ Հայրենականին, բայց տուն վերադարձավ երեք հազարը: Պետք է գլուխ խոնարհենք նրանց առաջ: Մենք հպարտ ենք, որ ապրում ենք Մեծ Հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի վետերանների եւ մասնակիցների կողքին»,- նշեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ Հայաստանի զինված ուժերի՝ հայկական 39-րդ սահմանապահ զորքի եւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի՝ հակատանկային գնդի զինվորների համատեղ շքերթը: Շքերթին մասնակցում էին նաեւ ռուսական եւ հայկական զորքերի փողային նվագախմբերը:Երեկոյան հուշահամալիրի տարածքում տեղի կունենա տոնական հրավառություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում