Մարզային

Բեռլինից բերած գերմանական կոնյակը վետերան Հրաչ պապը կբացի իր 100 ամյակին

2 րոպեի ընթերցում

Բեռլինից բերած գերմանական կոնյակը վետերան Հրաչ պապը կբացի իր 100 ամյակին

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Հայրենականի մասնակից գյումրեցի վետերանների թիվը տարեցտարի նվազում է: Ներկայում Գյումրին ունի պատերազմի մասնակից 94 վետերան: 91-ամյա Հրաչյա Պապիկի Ավագյանն այն եզակիներից է, ով հասել է մինչեւ Բեռլին: «Արմենպրես»-ի թղթակցին ներկայացնելով իր փառավոր զինվորական անցյալը՝ Հրաչ պապը հպարտությամբ նշեց, որ իր անունը նույնիսկ Բեռլինի պատին է գրված: Ամեն ինչ սկսվեց, երբ Երեւանի Բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսից որպես զինվորական բժիշկ բանակ մեկնած երիտասարդը 1942 թվականի հոկտեմբերի 28-ին Օրջոնիկիձե քաղաքի մոտ չորս այլ ինստիտուտների ուսանողների հետ մտավ նոր կազմավորված հատուկ՝ 34-րդ կուրսանտական գունդ:

«Սլավյանսկի մոտ վիրավորվելուց հետ ինձ տարան հոսպիտալ, այնուհետեւ 89-րդ Հայկական դիվիզիա: Մարտական ուղիս սկսվեց Բեսլանից եւ շարունակվեց մինչեւ Բեռլին: Բեռլինում ես էլ եմ քոչարի պարել, իսկ հայրենիք վերադառնալուց իմ հետ Բեռլինից երեք շիշ գերմանական կոնյակ եւ մեկ շիշ գինի եմ բերել: Կոնյակներից մեկը ամուսնանալիս եմ բացել, մյուսը 80 ամյակիս, իսկ երրորդը թողել եմ 100 ամյակիս, գինին էլ մինչ օրս պահել եմ»,-անկեղծացավ Հրաչ պապը: Հայրենական պատերազմի վետերանը նաեւ հպարտությամբ է խոսում Շուշիի ազատագրման մասին: «Այդ հաղթանակն ամբողջ աշխարհին զարմացած է թողել մինչեւ այսօր: Մեկը տասի դեմ կռվեց, հայը «գռաժդանսկի» հագած կռվեց եւ հաղթեց ադրբեջանական կազմավորված բանակին: Գաղտնիքը հայրենասիրության եւ հայրենիքնին նվիրվածության մեջ է: Այդ գիտակցությամբ եւ ոգով կռվեց եւ հաղթեց հայը»,-ավելացրեց Հրաչ պապը:

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող ամենաերիտասարդ վետերանը 87 տարեկան է, իսկ ամենատարեցի տարիքն անցնում է 100-ը: Հայաստանում վետերանների թիվը ապրիլի 1-ի դրությամբ 1850 է: Եթե Հաղթանակի 65-ամյակը մենք տոնում էինք 3500 վետերանների հետ, ապա այսօր նրանք ընդամենը 1850-ն են: Համաձայն վիճակագրության` ամեն ամիս կյանքից հեռանում է 30-45 վետերան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում