Տաթեւ-Հալիձոր ճանապարհի ավտովթարից զոհվածներից 4-ը նույն ընտանիքի անդամներ են
2 րոպեի ընթերցում

ԳՈՐԻՍ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաթեւ-Հալիձոր ճանապարհին տեղի ունեցած վթարից զոհվածներից 4-ը նույն ընտանիքի անդամներ են:
Մայիսի 1-ին ժամը 16.30-ի սահմաններում Տաթեւ-Հալիձոր ճանապարհին «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը` տաղավար-զրուցարանի վրա: Վթարի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել 4 մարդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը, տուժողներն իրենց գյուղի բնակիչներն են, ովքեր 9 հոգով կարտոֆիլ ցանելուց հետո որոշել են իրենց հանգիստն անցկացնել «Տաք ջուր» կոչվող հանգստյան գոտում: Վթարի հետեւանքով զոհվել է մեքենայի վարորդը` 1976 թ. ծնված Վրույր Ղազարյանը, նրա կինը` 1984 թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, որդին` 2007 թ. ծնված Սերոբ Ղազարյանը, դուստրը` 2002 թ. ծնված Սիլվիկ Ղազարյանը, քրոջ աղջիկը` 1998 թ. ծնված Աիդա Թունյանը: Զոհվել է նաեւ հանգստյան տաղավարում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 1973 թ. ծնված Հայկ Մարտիկյանը: Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղեւորները` Քարահունջ գյուղի բնակիչներ, վարորդի ընկերը` 1990 թ. ծնված Գրիգոր Ավետյանը, քույրը` 1972 թ. ծնված Մալվինա Ղազարյանը, քրոջ դուստրը եւ որդին` 1992 թ. ծնված Նոնա եւ 2003 թ. ծնված Վահե Թունյանները:
Վթարից հետո Գորիսի բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից Մալվինա Ղազարյանին եւ Գրիգոր Ավետյանին գիշերը տեղափոխել են մայրաքաղաք: Մյուս տուժողների առողջական վիճակը բավարար է: Ավտովթարի զոհ դարձած Ղազարյանների ընտանիքից մնացել է միայն 4-ամյա դուստրը, ով մեքենայում չի եղել, մնացել էր տատիկի ու պապիկի խնամքի տակ:
Ղազարյանների ընտանիքը զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Զոհվածների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 3-ին` գյուղի մշակույթի տնից: