ՄԹ դեսպանը խոստացել է օգնել Գյումրու Բայրոնի անվան դպրոցում ջեռուցման համակարգի կառուցմանը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիզազոր դեսպան Քեթրին Լիչը խոստացել է օգնել Գյումրու Բայրոնի անվան դպրոցում ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքներին: Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հիշատակին ապրիլի 25-ին դպրոցում անցկացված միջոցառման ժամանակ դեսպանը նշել է, որ այդ նպատակով անհրաժեշտ ֆինանսական խնդիրը կկարգավորվի:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով դեսպանին Գյումրիում եւ բարձրացնելով դպրոցում ջեռուցման համակարգի կառուցման անհրաժեշտությունը, նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության շրջանակներում հնարավոր կլինի լուծել դպրոցի որոշ խնդիրները: Շիրակի մարզպետը հաջողություն է մաղթել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործին՝ կարեւորելով նաեւ փոխհամագործակցությունը մարզային մակարդակով:
Գյումրու Ջ. Բայրոնի անվան դպրոցը կառուցվել է 1988 թվականի կործանարար երկրաշարժից հետո Միացյալ Թագավորության կողմից, որի բացման արարաողությանը ներկա է եղել «երկաթե լեդի», ՄԹ նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը: Անցած տարիներին դպրոցը շարունակել է մնալ Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի դեսպանության ուշադրության կենտրում:
Թետչերի հիշատակի միջոցառմանը ներկա էին նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Լոնդոնի Հայկական ցեղասպանության եւ Թեքեյան կենտրոնների ներկայացուցիչները: